Հայրիկ Մուրադյան

«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

Հայրիկ Մուրադյանը հայ ազգի երախտավորներից է, Հայ երգի հայրիկը։ Մասնագիտությամբ պատմաբան՝ նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայրենի երգարվեստին։ Հայրիկը հավաքագրել, մոռացությունից փրկել է շատ ու շատ ժողովրդական երգեր, զտել ու մաքրել է դրանք օտար ազդեցություններից:Հաճախ համեմատել է տարբեր գավառների նմանատիպ երգերը՝ պահպանելով նաև կորստյան մատնված երգերի նոր տարբերակները:
Հայրիկ Մուրադյանը նաև ճանաչված ժողովրդական երգիչ էր, ով գեղեցիկ ու արտահայտիչ ձայնով՝ ազգային ոճին բնորոշ առանձնահատկությամբ, իր կատարողական պարզ ոճով հմայում-գերում էր լսողին: Նրա ելույթներն ու ազգանվեր գործունեությունը նպաստեցին ստեղծելու մի ամբողջ դպրոց, հետևորդների մեծ բանակ, ազգագրական խմբեր։
Մեծ է նաև Հայրիկ Մուրադյանի գրական աշխատանքների ցանկը: Դեռ նրա կենդանության օրոք հրատարակվել են մի քանի պատմահայրենասիրական վեպեր: Գրական ելույթներով ու քննադատականներով հաճախ հանդես է եկել տարբեր լսարաններում ու պարբերական մամուլներում:
Հայրիկն իր նվիրվածությամբ ու աշխատանքով դարձավ ազգային ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցող օղակներից՝ հավատալով, որ կգա ժամանակ, երբ հայ ժողովուրդն օրինական հպարտությամբ և ազգային արժանապատվությամբ կհամախմբվի իր արմատների շուրջը և կստեղծագործի հանուն զարգացման ու սեփական բարօրության: