Մեր Տունը

Ընդարձակ էր մեր տունը: Այն կառուցված էր քարե ամուր ու հաստ պատերով և ծածկված կաղնու հաստաբուն գերաններով: Տանիքի վրա կարող էին ազատ երթևեկել անգամ հեծյալները: Տանիքն օգտագործվում էր նաև որպես կալատե, ու հնագույն եղանակով կալսվում և էրանվում էր հացահատիկը հարդից:
Տանիքի կենտրոնում երթիկն էր, որը թե լուսամուտի, թե թոնրի ծխնելույզի դեր էր կատարում: Տան կենտրոնում՝ ուղիղ երթիկի դիմաց, թոնիրն էր:
Տան մուտքը երկար միջանցքով միանում էր ընդարձակ սրահին: Միջանցքի աջ կողմում բացվում էր մի դուռ դեպի մարագը, որը լցված էր կալսված հացահատիկի հարդով: Միջանցքի ձախ կողմում դուռ էր բացվում դեպի մառանը, ուր ամբարվում, պահպանվում էին ընտանիքի պարենային պաշարները:
Մուրադ պապիս կամքով՝ ամեն կարգի աշխատանքից ազատ էր իր փոքր եղբոր որդին՝ Զադոն: Զադոն ասում էր. «Մուրադ պապս իմ պստիկ աղբոր Ջիբրայելի մինուճարն է: Ան գյո տուտի, տխմի, տխակյնի, ձին տխէծնի, քյոլոզ տեքյէթրի կան տկյա»: Մուրադ պապը ուր գնում էր, իր հետ տանում էր նաև Զադոյին:
Մուրադ պապս ուներ վեց որդի՝ Մանուկ, Դավո, Յոխան, Զաքո, Գասպար, Սերոբ և մի դուստր՝ Ալմաստ:
Մեր տան միջանցքից դուռ էր բացվում նաև դեպի ընդարձակ սրահը, ուր գարնան, ամռան ու աշնան ամիսներին ամեն օր երեկոյան վառվում էր մեր տան ավանդական խարույկը: Խարույկի շուրջը շինական մարդիկ՝ կոճղերի, գերանների վրա նստած, զրուցում էին երկրի անցուդարձերի, բերք ու բարիքի, առօրյա հոգսերի մասին: Պատմում էին հեքիաթներ, առասպելներ, դյուցազնավեպեր, որոնք ուղեկցվում էին երգով: «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի լավագույն կատարողներից էր հարևան Ծիծանց գյուղացի Մարտիրոսը: Ամեն անգամ, երբ նա մեր գյուղն էր գալիս, շինականների խնդրանքով անպայման կատարում էր մեր ազգային այդ հիասքանչ դյուցազնավեպը՝ երգով:
Մենք` փոքրիկներս՝ մեր մեծերի ծնկներին նստած կամ ուղղակի ծվարած հատակին, մտքով ու հոգով փոխադրվում էինք մեր նախնիների բառ ու բանով, երգ ու նվագով, ջերմ ապրումներով առլեցուն լուսաշող երազանքների կախարդական աշխարհը: Երազում էինք նմանվել մեր հրաշապատում հեքիաթների, դյուցազնավեպերի և հոգեզմայլ երգերի մեջ փառաբանված առասպելական հերոսներին: Նրանց նման լինել մարդամոտ, քաջ ու բարի. ընդդիմանալ վատին, չարին, բռնավորին. զորավիգ կանգնել թույլին, տկարին, ճնշվածին. չհանդուրժել ծուլությունը, անբանությունը, ագահությունը, դաժանությունը. սիրել ազնիվ աշխատանքն ու քրտնաշատ վաստակը:
Եվ այսպես, մեր տան սրահը՝ իր ավանդական խարույկով, հոգեհարազատ շինականների հավաքույթներով, գյուղի յուրովի «ակումբի» դեր էր կատարում, ուր շինական մարդիկ, առանց որևէ պաշտոնականության, առանց ձևի ու ձևականության, փոխադարձաբար սովորում ու սովորեցնում էին միմյանց՝ ապրել որպես մարդ այս անցավոր աշխարհում, կիսել կյանքի դառնություններն ու ուրախությունները, պարտք չմնալ թե մարդկանց, թե մայրենի հողին և հրաժեշտ տալ կյանքին մաքուր խղճով:
Պետք է հիշել նաև, որ պապենական հողից պետք է վերցնել այն ամենը, ինչ որ այն կարող էր պարգևել մարդուն: Եվ կյանքի գնով պետք է պաշտպանել պապենական հողը թշնամիներից:
Մեր ավանդական խարույկի շուրջ անցկացված հավաքույթները փոքրիկներիս համար հայեցի վարքի և կենսափորձի հարստացման դպրոց էր, ուր վաղ պատանեական տարիներից սովորում էինք հավատարիմ մնալ հայոց Առաքելական Եկեղեցու հավատամքին և դավանանքին և ազգային լավագույն կեցվածքին:
Ավանդական սրահի ձախ կողմում մեր ազգական դարբին Գէլոյի տունն էր:
Գէլոն գավառում և նրա սահմաններից դուրս հայտնի էր իր պատկառելի ֆիզիկական ուժով: Այն գերանը, որ տաս-տասներկու մարդ մոտակա անտառից հենակներով հազիվ գյուղ էին հասցնում, Գէլոն կարող էր միայնակ նույն գերանը ուսին դրած անտառից գյուղ բերել:
Դարբին Գէլոյի մասին ուշագրավ պատմվածք է գրել իմ շատ մտերիմ ընկեր տաղանդավոր Վախթանգ Անանյանը «Պատմում է իմ ընկեր Հայրոն» (Հայրիկը) վերնագրով:
Փոքր էր դարբին Գէլոյի ընտանիքը. ինքը՝ Գէլոն, կինը և որդին՝ Կարապոն:
Գէլոն միշտ պատրաստ էր անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելու Մուրադ պապիս:
Մեր ընտանիքը միավորում էր 34 շունչ: Ամեն մի տղամարդ և կին գիտեին իրենց անելիքները: Դավիթ հորեղբորս կին Պուլո աղջիկը ամեն օր երեկոյան կատարում էր ալյուր մաղելու, խմոր հունցելու, իսկ լուսաբացին` աղոթքից հետո, խմորը գնդելու և թխելու համար նախապատրաստելու գործը: Թոնրից մոխիրը հանելու, թոնիրը վառելու, աղբյուրից սափորով ջուր կրելու, տան շրջապատը ավլելու, մաքուր պահելու պարտականությունը կատարում էր Արմշատ գյուղից հարս բերած հորեղբորս` Զաքոյի կինը՝ գեղեցկուհի Չինարը: Խամբէկ տատս թեև ծերացած, մեջքը կորացած էր, բայց թխում էր ամենօրյա հացը և իր ձեռքումն էր պահում մառանի տնօրինությունը: Մայրս կթում էր կովերը: Նրան էր վստահված ընտանիքի շերեփն ու խոհանոցի կառավարումը: Մայրս մեծ համարում ուներ թե Մուրադ պապիս, թե ընտանիքի բոլոր անդամների շրջանում: Ընտանիքի բոլոր անդամները <Խաթուն> էին անվանում նրան:
Սերոբ հորեղբայրս մաքրում ու փէինում էր փարգախն (փարախն) ու ախոռը և գոմաղբը փոխադրում կոնարկ (կուն կուտակելու տեղը): Հորեղբայրս` Յոխանը (Օհան), գոմաղբը կոնարկից կրում էր և կույտ առ կույտ տարածում ձնի հաստ շերտի վրա, որպեսզի արագացնի ձնհալն ու գարնանացանի նախապատրաստումը: Այս աշխատանքը կոչվում էր փխրել հողը: Օհանի կինը հարս էր բերված Մոկաց Յառնանց գյուղից: Նրա անունը կնքված էր «Յառնանցի», որի պարտականությունն էր ամեն օր ավլել, մաքուր պահել տախտը )տան հատակը) և օգնել Չինարին աղբյուրից ջուր կրելու:
Տան մի անկյունում ջուլհակի դազգահն էր՝ իր մանրամասներով, որն ուներ իր երդիկ լուսամուտը: Ընտանիքի ջուլհակը հայրս էր՝ Մանորկըю Մուրադ պապիս ավագ որդին: Ազատ ժամանակ կանայք սանդերքի վրա բուրդ էին գզում կամ իլիկ մանում ջուլհակին հումքով ապահովելու համար: Չուռ այծի նրբագեղմ բրդից հայրս շալեր էր գործում: Կանայք դրանցից տոնական զգեստներ էին կարում՝ զարդանախշերով:
Դավիթ հորեղբայրս ընտանիքի հովիվն էր. կարողանում էր ընկուզենու, հաճարենու, խնձորենու և տանձենու փայտից հիանալի գդալներ, շերեփներ, հարիսան կոճելու (տրորելու) հարմարություններ պատրաստել: Դավիթը ծանոթ էր անասունների մի շարք հիվանդությունների բուժման գաղտնիքներին: Գասպար հորեղբայրս գառնարած էր:
Մայրս կարմիր կավի պռտենից (մշակված կավ) պատրաստում էր քյասաներ, կժեր, կուլաներ, սափորներ, պուտուկներ, դլուզներ (ամաններ պահածոների համար):
Ընտանիքի բոլոր կանայք, բացի անշնորհք, անբան հորաքույր Ալմաստից, տիրապետում էին սեղնագործության, ճախարակ կամ իլիկ մանելու, էրկանք աղալու, սանդերքի վրա բուրդ գզելու, գուլբա կամ թաթման (ձեռնոց) գործելու և գավառում հայտնի ամեն տեսակի կերակուրներ եփելու սովորություններին: Երբ դրանցից մեկն ավարտում էր իր առօրյա աշխատանքը, օգնության էր հասնում նրան, ով դեռ չէր վերջացրել իր գործը:
Ընտանիքում ծխում էին պապս` Մուրադը, հայրս` Մանուկը, և պապիս կրտսեր եղբայր Ջիբրայելը (Գաբրիել): Առաջին երկուսը ծխում էին չկարա (ծխախոտը թղթով փաթաթված), իսկ Ջիբրայելը՝ չիբուխ: Մի փոքր հողակտոր առանձնացված էր ծխախոտ աճեցնելու համար, որի բերքը լիովին բավարարում էր ծխողների պահանջը:
Թուրքիան լուցկին ստանում էր Ավստրիայից, որը շատ թանկ էր, քանի որ դրա կոթերը պատրաստված էին շատ բարակ մոմերից, իսկ գլխիկները՝ դյուրավառ էին: Բարբառում լուցկին կոչվում էր «նավթ», իսկ նավթը՝ «կազեաղ»: Լուցկիով ծխախոտ վառելը շռայլություն էր: Այս պատճառով էլ ծխողները հնարել էին կայծքարն ու խրախանգյը (հրահան): Իբրև կպչան օգտագործում էին ծառերի բներին չորացած սունկերը, որոնք երկար եփելուց հետո մուրճով ծեծում էին, փափկացնում, որից պոկված մի փոքրիկ կպչան հրահանի արձակած կայծից վառում և արձակում էր հաճելի և անծուխ բուրմունք, որով վառում էին չկարան ու չիբուխը: Թեև հայրս նոր ծխող չէր, բայց պապիս ներկայությամբ ծխելու դեպքում խնդրում էր նրա թույլտվությունը. «Կակո, իրավունք տուր ծխեմ»: Բարբառում հայրը կոչվում էր «կակո»: Բարբառում մուշտուկը կոչվում էր «բասկ», իսկ նիկոտինը՝ «կռեժ»: