Մարդու Նախնական Հավատալիքները

Վաղնջական դարերում մարդկանց աշխարհընկալման ունակությունները սահմանափակ էին, բնության պարզ երևույթները՝ անհասկանալի: Մարդիկ չգիտեին՝ արևն ինչու՞ է լուսավորում, ջերմացնում, կրակն ինչու՞ է տաքացնում, այրում, թրթռում և ինչ որ ձայներ արձակում. ծովն ինչու՞ է ալեկոծվում, թռթռում, աղմկում, դուրս հորդում ափերից. ջուրն ինչու՞ է հոսում, խոխոջում. գետերն ինչու՞ են աղմկում. աղբյուրներն ինչու՞ են կարկաչում. քամիներն ինչու՞ են փչում, սուլում, ոռնում. բույսերն ինչո՞ւ են ծլում, սերմնավորվում, օրորվում ու պարում են քամիների տակ. ծառերն ինչու՞ են աճում, ծաղկում, պտղավորվում. ամպերն ինչի՞ց են գոյանում, ինչու՞ են որոտում, փայլատակում և շանթեր արձակում. ինչի՞ց են առաջանում տարերային աղետները, երկրի ցնցումները և այլն: Մարդկանց թվում էր, որ Արևը, կրակը, Լուսինը, աստղերը, ջուրը, հողմերը, ծովերը, ամպերը, բույսերն ու ծառերը և մինչև անգամ քարերը շնչավոր են. դրանց մեջ պատկերացնում էին ինչ որ գերբնական անձնավորյալ ուժեր, որից և ծնվում էին բնության պարզ երևույթներն աստվածացնելու պարզունակ և միամիտ պատկերացումները: Արևը ջերմություն և լույս է տալիս, անձրևն ու ջուրը բարձրացնում են բերքը, կրակը պաշտպանում է ցրտից, ջուրը հագեցնում է ծարավը, հողը բերք ու բարիք է տալիս մարդուն, ընտանի կենդանիները՝սնունդ, իսկ սառնամանիքը, կարկուտը, երաշտը, կայծակն ու որոտը, փոթորիկն ու մրրիկը, հեղեղն ու երկրաշարժը, գիշակեր գազաններն ու սողունները տառապանք ու մահ են պատճառում մարդուն:
Այս տեսանելի ու շոշափելի երևույթների տակ մարդն անտեսանելի «բարի» և «չար» ոգիներ էր պատկերացնում, որոնց վրա նայում էր որպես «գերբնական» ուժերի, որոնք, իբր, ընդունակ են «օգնելու» և կամ «պատուհասելու» մարդուն: Մարդը աստվածացնում, երկրպագում էր «բարի» ոգիներին՝ սիրուց, իսկ «չարերին»՝ երկյուղից դրդված: Առաջին դեպքում մարդը հաջողություն էր հայցում, երկրորդ դեպքում՝ գութ:
Այսպիսով հիմք էր դրվում մարդու նախնական պարզագույն հավատալիքներին: Դա այն դարաշրջանն էր, երբ մարդը բնության աղետներից և փորձություններից պաշտպանվելու համար հենարան էր փնտրում բնության խորհրդավոր թվացող ուժերի շրջանում և ապավինում էր այդ ուժերի օգնությանը:
Որքան լայնանում էին մարդու աշխարհընկալման շրջանակները, այնքան էլ կատարելագործվում էին նրա պաշտամունքային ավանդույթները: Մարդիկ սկսում էին աստվածացնել նաև կռիվներում աչքի ընկած իրենց հերոսներին, տոհմական առաջնորդներին, կրոնական բնույթ տալ ցեղի ներսում մշակված, սովորույթի ուժ ստացած բարքերին և դրանք ավանդել գալիք սերունդներին իբրև «սրբություն»:
Հեթանոսական հնագույն դարերից սկսած մարդիկ իրենց փոխհարաբերությունները, նիստուկացը, ընտանեկան, անձնական, տոհմային և հասարակական կյանքը կարգավորում էին ցեղի, համայնքի ներսում սովորույթի ուժ ստացած կրոնաբարոյական նորմերով: Մի պաշտամունքի մարդիկ դիտվում էին որպես մի արյունից կամ մի կենդանուց առաջացածներ: Պաշտամունքը եղբայրացնում էր մարդկանց, միավորում՝ նրանց ջանքերը ապրուստի միջոցներ հայթայթելու, թշնամի ցեղերից, գիշատիչներից պաշտպանվելու, սերունդն աճեցնելու, ցեղի ներքին կյանքն ու մարդկանց փոխհարաբերությունները կարգավորելու համար:
Սակայն մարդկային յուրաքանչյուր ցեղ, տոհմ, համայնք կամ ժողովուրդ յուրովի էր մշակում իր սովորություններն ու պաշտամունքային ձևերը: Անգամ երբ մարդկային այս կամ այն խմբավորումները փոխ էին առնվում այլ ցեղերի աստվածներին, դրանք հարմարեցնում էին իրենց ցեղի պայմաններին և կյանքն ու պաշտամունքը յուրացնում էին իրենց համար ընդունելի ձևերով: Քոչվոր, թափառական կյանք վարող որոշ խմբավորումները չէին կարող հարմարվել նստակյաց մարդկանց սովորույթներին և կրոնաբարոյական նորմաներին: Միայն խաշնարածությամբ զբաղվող ցեղերը չէին հանդուրժում երկրագործներին, ովքեր արոտավայրերը վերածում էին մշակովի անդաստանների և խորշում էին երկրագործության հետ կապված պաշտամունքային ծեսերից: Երկրագործներն իրենց հերթին չէին հաշտվում քոչվոր և խաշնարած ցեղերի հետ, ովքեր ձգտում էին ամայացնել նստակյաց մարդկանց բնակավայրերը, կազմալուծել երկրագործությունը՝ մշակովի հանդերը վերածել արոտավայրերի: Պատերազմներով, արշավանքներով, գերեվարությամբ ապրող ցեղերը երկրագործների և արհեստավորների վրա նայում էին արհամարհանքով. կողոպուտը, հափշտակումները դիտում էին որպես ապրուստ ձեռք բերելու շահեկան միջոցի և ոճրագործությունը սրբագործում ու դիտում էին որպես քաջություն: Ինչ որ գովելի էր այս ցեղերի և համայնքների համար, աններելի հանցագործություն էր քրտնաշխատ և արդար վաստակով ապրող մարդկային զանգվածների համար:
Ոգու անմահության մասին մարդու պատկերացումները ի սկզբանե բոլոր պաշտամունքային ձևերի հիմքն էին կազմում: Այս մտահոգումը ամրապնդում էր համայնքի կարգապահությունը, զսպում մարդկանց կենտրոնախույս ձգտումները: