Թոնդրակյան Աղանդի Մասին

Այլ վիճակ էր սպասվում թոնդրակյան շարժումը, որի գործունեությունը սահմանափակվում էր միայն Հայաստանի շրջանակներում: Թոնդրակյան շարժման օրերին իր ազգային անկախությունն ու պետականությունը վերականգնելու նպատակով կենաց և մահու պատերազմ էր մղում արաբական խալիֆաթի դեմ: Այս իրադրության պայմաններում, թոնդրակյան շարժումը դաշույնի հարված էր հայ ժողովրդի թիկունքին, որը հարկադրում էր ազատագրական պայքարի ուժերին մարտնչել թե արտաքին, թե ներքին թշնամու դեմ:
Թոնդրակյանները հասարակական տարբեր խավերից խմորված, ապազգայնացած, ըստ էության, հետադիմական հայացքներով համակված աղանդավորներ էին, ովքեր քայքայում էին հայ ժողովրդի միասնությունը, ջլատում ազատագրական պայքարի ուժերը, հաճախ նաև զինակցում էին թշնամուն՝ ընդդեմ սեփական ժողովրդի և որդեգրել էին հայրենադավության ստորագույն ուղին: Նրանց հավատամքն էր մերժել Աստծո և մարդկանց միջև միջնորդությունների անհրաժեշտությունը: Աստծո հետ կապվելու համար նրանք ասում էին, որ մարդը կարիք չունի հոգևորականության և եկեղեցիների միջամտությանը: Երևութապես, իհարկե, ինչ որ մի գրավիչ խորհուրդ ուներ աղանդը, բայց իրականում մարդկանց աչքերին թոզ փչելու, նրանց մոլորության մատնելու մի սադրանք էր, որը հղի էր հայ ժողովրդի համար հեռու գնացող ճակատագրական անուղղելի և աղետալի հետևանքներով:
Հակառակ այս բացահայտ ճշմարտությանը՝ բոլշևիկյան պատմագրությունը իդեալականացրեց թոնդրակյան աղանդը՝ այն գնահատելով որպես ընկերային առաջադիմական ընդվզում կղերականության դեմ: Պատմաբաններին միացան նաև գրականագետները և ձեռք ձեռքի տված հորինեցին միասնական, բեկման ոչ ենթակա մի «վճիռ», հնարովի մի «տեսություն» թոնդրակյան աղանդի մասին, որն, իհարկե, համապատասխանում էր ժամանակի «ոգուն»:
Ստեղծված ապակողմնորոշիչ գաղափարական մթնոլորտում, անշուշտ մեղադրելի չէ, որ դեռ երիտասարդ բանաստեղծ Վահագն Դավթյանը գրելու էր թոնդրակյան աղանդին նվիրված իր ներբողական պոեմը:
Շուտով պարզվեց, թե իբր Գրիգոր Նարեկացու հայրը՝ Խոսրով եպիսկոպոս Անձևացին, ժամանակին «բանադրվել» է որպես «մեղսակից» թոնդրակյան աղանդի:
Այս «հայտնագործությունը» հիմք ընդունելով՝ գրականագետ Մ. Մկրյանը եզրակացրեց. ինչու՞ չի կարելի կասկածի տակ առնել նաև Խոսրով Անձևացու որդուն՝ Գրիգոր Նարեկացուն: Անշուշտ այս «հայտնագործությունը» հրամցվում էր իբրև Գ. Նարեկացու «փառքը» առավել բարձր գնահատելու միտումով:
Պատմությունից հայտնի է, որ Անանիա Նարեկացին՝ Խոսրով Անձևացու և նրա որդիների ուսուցիչը, 10-րդ դարի առաջին կեսերին հիմնել է Նարեկա Վանական դպրոցը, եղել է իր ժամանակի « ամենազարգացած և լուսավոր հոգևորականներից մեկը», բնական է, որ իր սրբակենցաղ վարքով և բազմաբեղուն գրականագիտությամբ պիտանի, անմիջական ազդեցություն թողած լիներ Խոսրովի, ինչպես նաև նրա զավակների վրա (Տես Հրաչյա Թամրազյան, «Անանիա Նարեկացի, կյանքը և մատենագրությունը», Երևան, 1986թ):
Սյունեցի պատմիչ Օրբելյանի վկայությամբ՝ «Խոսրովը և Անանիան մեղադրվել են կղերական անհնազանդության մեջ» (տես Սյունիքի պատմություն, Երևան, 1986թ., էջ242 ): Այս փաստը ոմանց համար առիթ է ծառայել նրանց «աղանդավորական, հակակղերական, անգամ հակակրոնական» որակումներ տալու համար: Այնինչ նույն Ստեփանոս Օրբելյանը իր պատմության մեջ նշված մեղադրանքը «պարզապես զրպարտություն» է համարում (տես Սյունիքի պատմություն, 1986թ. էջ242):
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, հիմնվելով մանրազնին ուսումնասիրության վրա, Անանիա և Խոսրով անունների հետ կապված հպանցիկ ամբաստանությունը լուրջ գործողություններ և հետևանքներ չունեցած իրողության թեթևակի արձագանքն է համարում («Ազգապատում» պրակ 1-ին, 1912թ. էջ 1098-1100):
Կիրակոս Գանձակեցուю Խոսրովի դեմ բերած փաստերը Մաղաքիա Օրմանյանը համարում է “խիստ կասկածելի և աննշանակ («Ազգապատում» Պր. 1-ին, 1912թ., էջ 1098):
Ամեն դեպքում, թե Խոսրովի, թե Անանիայի անունների հետ կապված ամբաստանությունները նախանձի և խարդավանքի հետևանք են եղել, (Տիգրան Բաղդասարյան, Գանձասար Բ., Երևան, 1992թ. էջ 152): Դա հաստատում է նաև Խոսրով Անձևացու` մեզ ավանդած պատարագի և ժամակարգության մեկնության մասին նրա երկու աշխատությունները և այլ գործեր:
Մարդու և Աստծո միջև միջնորդության դեր էին կատարում հոգևոր դասը, եկեղեցիները, վանքերը, սրբավայրերը, ինչպես նաև հոգևոր գրականությունն ու երաժշտությունը: Միջնորդության այս համակարգի միջոցով պահպանվում և կանգուն էր ազգային դավանանքը, որի հիմքում ընկած էր ազգային ինքնատիպ բնավորությունը, հայեցի ապրելակերպն ու հոգեկան բարոյական նկարագիրը, որն իր ձևավորումն էր ստացել դեռ հեթանոսական դարերում և իր ուսանելի գծերով փոխանցել քրիստոնեությանը: Մերժել այս համակարգը նշանակում էր հրաժարվել այն ամենից, ինչ հայկական էր, հոգեհարազատ իր խորապես ազգային բովանդակությամբ, ինչ դարերի ընթացքում երկնել, կատարելության էր հասցրել հայեցի կամքն ու իմաստությունը և ավանդել մեր ժողովրդին` որպես սրբություն և ազգային դիմագիծ:
Թոնդրակյան աղանդի նախընտրած ուղին սպառնում էր զրկել մեր ժողովրդին միջնորդ և պահապան հովիվներից, մեզ վերածել անկառավարելի, անապահով, անհեռանկար, անտեր, մոլորված, ցաք ու ցրիվ հոտի ու դեպի վերջնական նավաբեկումը տանել մեր ազգային անղեկ և անկողմնացույց նավը:
Թոնդրակյանները, մերժելով եկեղեցիների և սրբավայրերի անհրաժեշտությունը, բնականաբար վերջ պիտի տային նորերի կառուցմանը. թերևս քարուքանդ անեին նաև արդեն եղածները: Սարսափելի կլիներ նույնիսկ պատկերացնել դրա հետևանքները, և այսօր մենք չէինք ունենա ճարտարապետական այն հոյակապ հուշարձանները, որոնցով հիրավի մենք հպարտանում ենք, և որոնք հաստատում են մեր պահանջատիրական իրավունքները Հայաստանի տարածքում: Չլինեին դրանք, մենք ոչնչով չէինք տարբերվի այն ժողովուրդներից, որոնք զուրկ են մշակութային արժեքների ժառանգությունից:
Այսպիսով, ժամանակին թոնդրակյան աղանդի ճնշումն ու վնասազերծումը օգնել է պահպանելու մեր ազգային հավատքը, ազգային ավանդներն ու բարոյական նկարագիրը, ինչպես նաև գոյատևումը, օգնել է կերտելու աշխարահռչակ ճարտարապետական հուշարձանները, պահպանելու մեր հոգևոր, հոգեզմայլ երաժշտությունն ու աշխարհահռչակ մշակույթը: Ուրեմն փառք նրանց, ովքեր ժամանակին գերեզմանեցին թոնդրակյան չարագուշակ աղանդը: