Քրիստոնեական Աղանդավորականները

Քրիստոնեական անունը կրող աղանդավորականները, ընդհանուր առմամբ, չեն ճանաչում Քրիստոսի առաքյալների անմիջական նախաձեռնությամբ հիմնադրված հայոց Առաքելական եկեղեցին, չեն ընդունում Նիկո հանգանակը, անիմաստ են համարում քրիստոնեական ծիսակարգը. թերուս, անբարո և Սուրբ գրքից անտեղյակ են համարում հոգևորականությանը. քրիտոնյա չեն համարում նրանց, ովքեր եկեղեցի են գնում, մոմ վառում և խաչ համբուրում:
Դժվար չէ կռահել, որ աղանդավորականների այս մտացածին դատողություններից թոնդրակյան աղանդի մեզ արդեն ծանոթ հնահոտ է փչում: Սուրբ գրքի դիմակի տակ նրանք սուր են ճոճում Սուրբ գրքի իսկական հետևորդների դեմ, քրիստոնեության դիմակի տակ՝ իսկական քրիստոնեականների դեմ և խաբկանքով ճգնում են որսալ, իրենց ցանցի մեջ առնել ազգային հավատքից անտեղյակ, ազգային գիտակցությունից թույլ, միամիտ, դյուրաթեք անձանց՝ նպատակ ունենալով ջնջել նրանց հիշողությունից այն ամենը, ինչ ազգային է, նվիրական, ինչ սրբագործված և տեառնագրված է ազգային հավատքի ավանդույթներով:
Բոլշևիկյան ամբողջատիրության 70 տարիների ընթացքում մենք շատ կորուստներ ունեցանք՝ տարածքային կորուստներ, բռնի տեղահանումներ, զանգվածային աքսորումներ, ձերբակալումներ, գնդակահարություններ և այլն: Սակայն մեր ամենամեծ կորուստը բարոյական կորուստն է, ազգային ոգեղեն նկարագրի, ավանդույթների կորուստը, որն իր տեղը զիջեց նյութեղենին: Նյութեղեն «աստվածն» իր անհոգի տիրապետությունն ամենուրեք տարածեց ամեն տեղ՝ հասարակական, քաղաքական, մշակութային, ընկերային բոլոր բնագավառների վրա: Ճիշտ է, այս չարիքի դեմ եղան ընդվզումներ, բայց «մեղավորների» նկատմամբ «նացիոնալիստ» կամ «շովինիստ» խարաններն ու դաժան պատիժը չէր ուշանում: Հիշենք, որ այս ընդվզումների զոհերն եղան նաև մեր պաշտելի բանաստեղծներ Եղիշե Չարենցն ու Պարույր Սևակը:
Բոլշևիկյան այս անբարեհույս միջավայրում, ինչ խոսք, աճելու էին սերունդներ, որոնց բարոյազուրկ ուղեղներում ազգային հավատքի, հայեցի նկարագրի և նվիրական զգացմունքների հետքերը ջնջված էին: Նրանց ուղեղներում միայն ոգեղեն սովի քամիներն էին գալարվում, մի ամայի ասպարեզ, ու Հայաստան ներխուժած աղանդավորական անգղերը կարող էին ազատորեն ձու դնել և ճուտ հանել: Այլապես ինչպես կարող էին նրանք հանդգնել չճանաչելու Քրիստոսի առաքյալների անմիջական նախաձեռնությամբ հիմնադրված հայոց Առաքելական Եկեղեցին, չընդունելու Նիկիո հանգանակը, անիմաստ համարելու քրիստոնեական ծիսակարգը. թերուս, անբարո և Սուրբ գրքից անտեղյակ համարելու հոգևորականությանը և քրիստոնեա չհամարելու նրանց, ովքեր եկեղեցի են գնում, մոմ վառում և խաչ համբուրում: Սա սանձարձակ ոտնձգություն է մեր ազգային Եկեղեցու և հավատքի նկատմամբ:
Դուք, պարոնայք աղանդավորականներ, կարող եք աստվածացնել սատանաներին, անգամ աղոթեք նրանց առաջ, դա ձեր իրավունքն է, բայց ուսուցիչ ձևանալ մեր գլխին և դավանանքի մասին մեզ դասեր հրամցնել, մենք թույլ չենք տա:
Ի դեպ, Սուրբ գրքում գոյություն չունի որևէ պատվիրան, որով արգելվում է եկեղեցի գնալ, մոմ վառել, խաչ համբուրել. չկա որևէ պատվիրան եկեղեցիական ծիսակարգը ավելորդ համարելու, հոգևոր դասի գործունեությունը արգելելու, ազգ կամ ազգային գիտակցությունը ջնջելու մասին. հետևաբար, քրիստոնեական ձևացող աղանդավորականների այս պնդումները հնարովի են և ոչ մի առնչություն չունեն Սուրբ գրքի պատվիրանների հետ: Չպետք է մոռանալ նաև, որ ազգերը, նրանց լեզուները, դավանանքը, մշակույթը համամարդկային արժեք են ներկայացնում, համամարդկային մշակույթի անձեռնմխելի գանձեր են: Դրանց նկատմամբ ամեն մի քողարկված կամ բացահայտ ոտնձգություն միջազգայնորեն ընդունված օրենքով դիտում են որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ոճիր մարդկության դեմ: Ազգությունների նկատմամբ աղանդավորականների դրսևորած անհանդուրժողականությունը ոչ միայն մարդու իրավունքի կոպիտ խախտում է, այլ բացահայտ թշնամություն է ժողովուրդների ու ազգությունների նկատմամբ:
Հիշենք նաև, որ աղանդավորականները իրենց հետ բերում են մեր հայեցի բնիկ ազգային բարոյական նկարագրին խորթ, օտարոտի բարքեր՝ իրենց այլազան սովորություններով, ապրելակերպով, որոնք փաստորեն նպատակամղված են մոռացության մատնելու այն ամենը, ինչ որ մերն է, հայկականը և կյանքի կոչելու այն ամենը, ինչ հակազգային է, հակահայկական և ինչ որ սպառնալիքի տակ է դնում մեր ժողովրդի գոյության հարցը: Սա զարհուրելի ոճիր է մեր ժողովրդի և մարդկության դեմ: Եվ ամեն մի հայ, որ տարվում է աղանդավորների կեղծապատիր քարոզչություններով, կամա թե ակամա մեղսակից է դառնում այս ազգադավ ոճիրին: