Ցեղապաշտները

Ցեղապաշտների «Ցեղակրոն» ուսումնասիրությունից ինձ հաջողվեց մոտավոր պատկերացում ունենալ արորդիների և նրանց,իբր հեթանոսական հավատքի մասին: Համոզվեցի, որ նրանց ցեղապաշտական կուսակցության մեջ համախմբված է հայրենասիրությամբ տոգորված երիտասարդների քաջարի մի փունջ, որը համակված է ազգային արիացական հպարտության և արժանապատվության ազնիվ զգացմունքներով: Այո, զգացմունքներով: Քանզի հայ ցեղի նկատմամբ նրանց որդեգրած պաշտամունքը խորապես զգացմունքային է: Հաճելի էր տեղեկանալ նաև, որ փնջում միավորված երիտասարդների մի խումբ ակտիվորեն մասնակցել է մեր պետական սահմանները ադրբեջանական ելուզակների հարձակումներից պաշտպանելու սրբազան մարտերին: Դրանով խումբը ապացուցել է իր հավատարմությունը ցեղապաշտական գաղափարին և պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում, դնել իր կյանքը հայրենիքի փրկության զոհասեղանին:
Այս ամենը, ինչ խոսք, գովելի է: Սակայն ի՞նչ թաքցնեմ, չի կարելի իմաստություն համարել ցեղապաշտների զգայացունց և ծայրահեղ մտածելակերպը: Քանզի պատմականորեն հաստատված անհերքելի ճշմարտություն է, որ ամեն մի արդարացի շարժում, երբ այն վերաճում է ծայրահեղության, կորցնում է իր դրական նշանակությունը: Վերցնենք թեկուզ մի փաստ, ցարիզմի դեմ գաղափարը, ինչ խոսք, արդարացի էր: Բայց երբ այն վերաճեց բոլշևիկյան բռնատիրության, վերածվեց ցարիզմից առավել մեծ չարիքի՝ սեփական ժողովրդի գլխին: Ուզում ենք ասել, որ ծայրահեղությունը բարի խորհրդատու չէ, դրանից պետք է զերծ մնալ: Օրինակ, մեր ինչի՞ն է պետք սիմվոլականացնել հիտլերականությունը և բացականչել. «Արիական շառավիղ ենք, հետնորդները մեծ ֆյուրերի», երբ Հիտլերն ու իր տեսությունը համամարդկային նզովքի և անարգանքի է դատապարտված: Ավելի հարմար չէ՞ր արդյոք, եթե Հիտլերի փոխարեն դուք նշանաբան ընդունեիք Վահագնին, որպեսզի համոզիչ լիներ ձեր վերադարձը ազգային արմատներին:
Տարօրինակն այն է, որ «Ցեղակրոն»-ը չի ընդունում Քրիստոսին, որովհետև նա «հայ» չէ: Իսկ ի՞նչ եք կարծում, Հիտլերը հա՞յ է: Պարզապես ծայրահեղ մտածելակերպը խանգարում է ձեզ տարբերել ճշմարտությունը չարիքից:
Մտաբերենք, որ Հիտլերը իր խառնվածքով հիշեցնում է Թալիաթ փաշային: Կարելի է ասել, որ ինչ որ չափով Հիտլերը Թալիաթ փաշայի աշակերտն էր, նրա զարգացած կրկնությունը: Թալիաթն իրականացրեց արևմտահայության ցեղասպանությունը, Հիտլերը՝ հրեաների: Սրանք երկուսն էլ մարդկային ցեղի երդվյալ թշնամիներ էին: Սրանցից որևէ բան սովորելը կամ ընդօրինակելը, մեղմ ասած, ողջախոհություն չէ:
Չպետք է մոռանալ, որ արիական ծագում ունեցող ժողովուրդները վաղուց ի վեր վերածվել են միմյանցից կտրված ինքնուրույն ազգությունների, միմյանցից տարբերվում են իրենց տնտեսական, քաղաքական հակադիր շահերով ու ձգտումներով: Նրանց համար այսօր կարևոր է ոչ թե արիական ցեղային ծագումը, այլ պետական շահը: Նրանց քաղաքական կյանքում որոշակի դեր են կատարում նաև սիոնիստները: Նրանք սովորաբար հետաքրքրվում են միայն ժողովուրդների կյանքով, որոնք ունեն նյութական հումքային հարուստ պաշարներ և որոնցից կարելի է օգտվել: Եթե օգուտ չկա, նրանք հաճախ կարող են անտեսել «արդարություն» և «իրավունք» հասկացություններն ու հարևան երկրի նավթային հեղեղի մեջ խեղդել քո արդարացի ձայնը: Սրանցից օգնություն ակնկալելը նույնքան անիմաստ է, որքան և անիմաստ էր քրիստոնյա Արևմուտքից օգնություն և պաշտպանություն հուսալու մեր երբեմնի սպասումները:
Եթե հայ ցեղապաշտները համոզված են, որ սեփական ուժերով ընդունակ են բարձրացնելու հիտլերիզմի և հակահրեիզմի ոտնահարված դրոշը և ստանձնելու արիացի ազգերին առաջնորդելու «պատիվը», ապա տեղին է նրանց հիշեցնել, որ իրենք, ինչպես մեծն Շեքսպիրն էր ասում, ընդամենը ապրում են ընկույզի կեղևում և երևակայում, որ կարող են տեր կանգնել Տիեզերքին:
Այսօր, երբ մեր հայրենիքը գալարվում է ծանր ճգնաժամի պայմաններում, երբ պատերազմը մեզնից ամեն օր թանկագին զոհեր է խլում, և հայրենի հողը ներկվում է քաջարի ազատամարտիկների սուրբ արյունով, արժե՞ արդյոք մեր դժվարին հոգսերը թողած՝ ուղեղները ծանրաբեռնել Հիտլերի անփառունակ դիակին հարություն տալու սնամեջ դատողություններով և մոռանալ, որ մեր գլխավոր անելիքը հայրենիքում է և ոչ թե դրանից դուրս: Աստծո սիրուն, եկեք չշեղենք մեր ժողովրդի ուշադրությունը գլխավոր և հրատապ խնդիրներից հեռու անիրական, աննպատակ, անիմաստ և անպտուղ զառանցանքներով:
Իհարկե ինձ մոտ են և հասկանալի ձեր ծայրահեղ դատողությունների բուն պատճառները: Ծայրահեղ բռնկումները ծայրահեղ ճնշումների արդյունք են: Դժվար է եղել մեր ժողովրդի ճակատագիրը, և դա իր տրամաբանական ազդեցությունն է թողել ձեր զգայուն սրտի և հոգեբանության վրա: Անցած միայն մի հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդն ապրեց համիդյան նախճիրը, կիլիկյան աղետը, Կիլիկիայի հայության տեղահանությունն ու բնաջնջումը, Մեծ եղեռնը, քեմալական արշավանքները, ազգային անկախության խափանումը, խորհրդաթուքական հակահայկական դաշինքը, քրիստոնյա Արևմուտքի պիղատոսյան անտարբերությունը, հայկական հողերի ծվատումն ու հափշտակումը, ստալինյան սպանդն ու նոր ցեղասպանությունները, արցախյան շարժումն ու գորբաչովյան հակահայկական թշնամական քաղաքականությունը. Սումգայիթ, զանգվածային թունավորումներ, Բաքվի, Գանձակի և շուրջ 230 հայկական բնակավայրերի բռնի տեղահանումները, կողոպուտն ու ջարդը, Արցախի և Հայաստանի շրջափակումները, տնտեսական, քաղաքական և վարչական համապետական ճնշումները:
Եվ այսպես, իր խաչն ուսած, հայ ժողովուրդն անցավ Գողգոթայից Գողգոթա, անցավ արյան, մահու և զրկանքների քառուղիներով, իր դեմ լարված անկանխատեսելի դավադրությունների բովով, շփվեց աշխարհի տիրակալների հետ, կշռեց ու չափեց իր արդար իրավունքների և իր դեմ լարված անիրավությունների նժարները, համոզվեց, որ թշնամական մամլիչի տակ տեսականորեն խլացվում է իր արդար իրավունքներ կանչը, հասկացավ, որ իր թափած արյան հեղեղն ու անհամար կորուստները կոմունիստական իրավակարգի համար գրոշ չարժեն, և հանգեց այն եզրակացության, որ իր «փրկությունն իր հավաքական ուժի մեջ է»:
Տրամաբանական է, որ այս զարհուրելի եղելությունների պայմաններում, առավել զգայուն և դյուրաբորբոք հոգիներում ծնվելու էին ծայրահեղ տրամադրություններ, բարի, խաղաղ և հավասարակշռված հոգեբանությունը տեղի էր տալու կոշտ, վրիժառու և դաժան բնավորությանը, այն աստիճանի դաժան, երբ բորբոքված հոգին անընդունակ է դառնում իր մարտահրավերը չափավորել իր փաստացի հնարավորություններով, երբ կտրուկ կերպով մերժվում է բարության մասին հասկացողությունը:
Ահա այս եղելությունների արդյունքն է ցեղապաշտների շարժումը:
Ցեղապաշտ հեթանոսները մերժում են նաև սիրո և բարության քրիստոնեական վարդապետությունը՝ պատճառաբանելով, որ այն առնչվում է ազգերի եղբայրության և իրավահավասարության մասին մարքսիստական գաղափարի հետ: Իհարկե մարքսիստ բոլշևիկները մարտավարական նկատառումներով չարաշահել են քրիստոնեական մարդասիրական ուսմունքը: Այո, չարաշահել և միաժամանակ չարամտորեն դրժել են այդ ուսմունքը: Բոլշևիզմն իր բուն էությամբ անընդունակ էր հարգելու իր իսկ հռչակած ժողովուրդների իրավահավասարության, եղբայրության և ազատ ինքնորոշման գաղափարը: Իրականում այս կարգախոսները նրա համար ծառայում էին իբրև վարագույր ազգերի համաձուլման իր մկրտումները քողարկելու համար: Գաղտնիք չէ, որ բոլշևիկյան պարագլուխները, սկզբից ևեթ հանդես էին գալիս որպես կրոնի և հատկապես քրիստոնեության կատաղի թշնամի: Իսլամի մեջ նրանք գոնե «հակաիմպերիալիստական» ինչ որ ձգտումներ էին տեսնում, իսկ քրիստոնեության մեջ՝ միայն խաբեություն, խավարամտություն, հաշիշ և այլն: Բոլշևիկյան գաղափարախոսությունը հիմնովին կառուցված է հակակրոնական աստվածամերժ ոգով: Սրանց պարագլուխների նախաձեռնությամբ սկզբից ևեթ լայնորեն մոլեգնեց եկեղեցիները, կրոնական պաշտամունքի հուշարձանները վայրագորեն կործանելու, հողին հավասարեցնելու խելացնոր շարժումը, որի գլխավոր նպատակներից մեկն էլ այն էր, որ կրոնական տարբերություններն ինչ որ չափով օգնում էին ժողովուրդներին պահպանելու իրենց ազգային նկարագիրը և դիմակայելու կայսրության վարած համաձուլման վտանգավոր քաղաքականությունը:
Արգելելով կրոնը երկրի կառավարման համակարգի բոլոր օղակներում՝ բոլշևիկյան բռնատիրությունը փաստորեն կանգնեց հասարակարգի մեծագույն կորստի, բարոյական կորստի առջև, որից ստեղծված դատարկությունը գիտական համայնավարության փչոցներով լցնելու ջանքերը անցան ապարդյուն: Դրան չօգնեցին նաև բոլշևիկ առաջնորդներին աստվածացնելու, Աստծո փոխարինողներ հռչակելու ցնորամտությունները: Բարոյապես սնանկացած կայսրությանը սպասում էր ոգու սովը, որին հաջորդելու էր ստալինյան տիպի ֆաշիստական տարատեսակը իր զարհուրելի ահաբեկչության հետևանքներով:
Այսպիսով, իրավացի չեն ցեղապաշտները, որոնք փորձում են ինչ որ կապ ստեղծել քրիստոնեության և բոլշևիզմի միջև:
Վայրենությունից մինչև մեր օրերը մարդկությունն անցել է անզիջում բախումների, իրար հաջորդող փոփոխությունների քառուղիներով: Եվ չնայած կեռմաններին՝ փոփոխություններն ի վերջո կատարվել են հօգուտ առաջընթաց ուժերի: Փոփոխությունների հետ համընթաց փոխվել են ընկերային, տնտեսական, քաղաքական և հասարակական հարաբերությունները: Չի փոխվել և փոփոխման ենթակա չէ միայն բարությունը: Քանզի եթե բարությունը վերանա, մարդը դադարելու է մարդ լինելուց և ոչնչով չի տարբերվի սովորական անասունից:
Բարությունն իր մեջ ամբողջացնում է այն ամենը, ինչ մարդկային է, իրավացի, ինչ ազնիվ է, համեստություն, արդարացի և խղճմտանք: Բարություն է նաև, երբ խիզախում ես թշնամու դեմ, անձնվիրաբար փակում ես չարիքի ճամփան, ոչնչացնում ես նրա արմատն ու արատը:
Բարությունը քրիստոնեության հավատամքն է, չարիքը վանող աստվածային սրբությունը: Չի կարելի բարություն շռայլել թշնամուն: Բարություն անել թշնամուն, նշանակում է սրբապղծել բարությունը:
Բայց ինչու՞ չի կարելի մեզ՝ հավատացյալ հայերիս, լինել բարի, ներողամիտ, անհիշաչար, ազնիվ և բարյացակամ միմյանց նկատմամբ և միասնական: Ինչու՞ չի կարելի մեզ՝ հայերիս, լինել բարի և սիրալիր բարեկամ ժողովուրդների և մարդկանց նկատմամբ, ովքեր դաշինքով մեզ հետ են, բաժանում են մեր վիշտն ու խնդությունը, մեր կսկիծն ու երազանքը: Ինչու՞ չի կարելի լինել սիրալիր նաև այն ժողովուրդների նկատմամբ, ովքեր չեն սպառնում այլ ժողովուրդներին, հարգում են նրանց սովորույթները, ազատությունն ու իրավունքը, լեզուն, ապրելակերպը և սիրալիր վերաբերմունք են ցուցաբերում մեր և այլ ժողովուրդների նկատմամբ:
Ցեղապաշտները հավատացնում են, որ իրենք նախընտրել են հեթանոսական հավատքը և համոզված են, որ հեթանոս հայերի ոգուն խորթ է եղել «բարություն» հասկացողությունը: Այնինչ եթե հեթանոս հայերը բարի չլինեին, ոչնչով չէին տարբերվի քոչվոր, ավարառու, արշավանքներով և կողոպուտով ապրուստի միջոց հայթայթող ավազակաբարո ցեղերից, չէին որդեգրի քրտնաշխատ վաստակով ապրելու, գիտությամբ, մետաղաձուլությամբ, աստղագիտությամբ զբաղվելը, չէին հիմնադրի Մեծամորը, չէին ժառանգի մեզ ժայռապատկերների անկրկնելի հարստությունը: Եթե հեթանոս հայերը բարի չլինեին, նրանք նույնպես տափաստաններում թափառող քոչվոր ցեղերի նման կմերժեին, չէին ընդունի քրիստոնեությունը:
Հեթանոս հայերի բարության խոսուն վկաներն են դեռ հեթանոսական դարերում հորինված և մեզ հասած բազմադարյան առասպելները, դյուցազնավեպերն ու ժողովրդական հեքիաթները, որոնց գլխավոր հերոսները առանց բացառության անձնավորում են բնավորության երկու հիմնական գիծ՝ առասպելական քաջություն և բարություն, որոնց մեջ իր բարերար արտացոլումն են գտել մեր ազգային բնավորությունը, հավատամքը, բարոյական նկարագիրն ու կեցվածքը, և, իհարկե, իսկական հայ համարվելու չափանիշը:
Այո, քաջություն և բարություն՝ մարդկային վսեմագույն առաքինություններ, որոնք անբաժան են և պայմանավորված մեկը մյուսով: Քանզի բարության մայրուղին հաղթվում է քաջությամբ: Քաջությունը կարող է քաջություն համարվել, եթե այն հետապնդում է բարի նպատակներ: Բարությունից զուրկ քաջություն գոյություն չունի: Պետք է համատեղել բարությունն ու քաջությունը: Մերժել այս ճշմարտությունը, Վահագնի փոխարեն նշանաբան ընդունել Հիտլերին, նշանակում է կտրվել ազգային արմատներից, դրժել ազգային հեթանոսական ավանդույթները և գերի դառնալ ազգային բնավորությանը խորթ և օտարածին կրքերին:
Անշուշտ, հավատքի ընտրությունը անձնական խղճի և համոզմունքի հարց է: Բայց չպետք է մոռանալ, որ քրիստոնեություն ընդունած հայի ինքնությունը ձևավորվել է հեթանոսական դարերում և փոխանցվել քրիստոնեությանը: Եթե հայ ժողովրդին վիճակված էր կատարելու աշխարհի ճանաչելիության վերընթաց մի նոր քայլ, տրամաբանական է, որ նրա համար բնության պարզ երևույթներն աստվածացնելու միամտությունները կորցրել էին իրենց նշանակությունը: Բայց քրիստոնյա հայերը շարունակեցին պահպանել հեթանոսական դարերի լավագույն սովորությունները և փաստորեն ավելի հարազատ մնացին ազգային արմատներին, քան ցեղապաշտ հիտլերականները: Սրանից հետևում է, որ մանկամտություն է մերժել սիրո և բարության վարդապետությունը՝ հիմք ընդունելով միայն այն փաստը, որ դրա հեղինակը Քրիստոսն էր, որը հայ չէր: Եթե Քրիստոսը հայ չէր, դա ամենևին չի նշանակում, որ նրա վարդապետությունը սխալ է և անընդունելի:
Եկեք մենք այն ընդունենք մաքուր սրտով և չտարվենք բոլշևիզմից փոխառված հակաքրիտոնեական մոլուցքով: Հայ չեն մոլորակի մեծագույն մտածողները, որոնց գիտական հայտնագործությունները, գեղարվեստական ստեղծագործությունները համամարդկային արժեք են ներկայացնում, պատկանում են ամբողջ մարդկությանը, բոլոր ազգություններին: Չճանաչել նրանց միմիայն դրա համար, որ հայ չեն, նշանակում է փակվել սեփական ազգային կեղևում և անմասն մնալ համաշխարհային գիտության նվաճումներից օգտվելու և առաջադիմելու հնարավորություններից:
Ցեղապաշտները, իհարկե, իրենց համարում են բնապաշտ: Բայց բնությունից յուրացրել են միայն մի բան՝ «խժռիր, որ չխժռվես»: Նրանց թվում է՝ եթե բնության մեջ օրինաչափ երևույթ է գոյության պայքարի օրենքը, հետևաբար կարելի է բնությունը վերածել թշնամական խժդժությունների խառնարանի, շտապիր խժռել ուրիշներին, քանի դեռ նրանք չեն խժռել քեզ: Մի խոսքով, ցեղապաշտների հավատամքն է բնության հետ վարվել միայն ուժի դիրքերից, որդեգրել միայն դաժանությունը, իսկ թույլերը թող ոչնչանան: Սրանից հետևում է, որ ցեղապաշտների բնապաշտությունը սպառնում է թույլերի գոյությանը:
Ցեղապաշտներն ի վիճակի չեն եղել ըմբռնելու, որ բնությունն ամբողջացնում է թե հզորներին, թե թույլերին: Թույլեր և հզորներ կան թե կենդանական, թե բուսական աշխարհում, թե մարդկության ազգային, պետական, հասարակական ոլորտներում և յուրաքանչյուր ժողովրդի ներսում: Որեմն «խժռելու» հավատամքն ուղղված է ոչ միայն թշնամու, այլ նաև սեփական ժողովրդի թույլերի դեմ:
Նրանք նույնիսկ չեն կռահել, որ թույլերին լիովին «խժռելուց» հետո, երբ այլևս «խժռելիք» ոչինչ չի մնա, ինչ է մնում նրանց անել: Այս պարագայում, հավանաբար «խժռողներն» սկսելու են «խժռել» միմյանց:
Ցեղապաշտները հավատացնում են, որ իրենք առաջնորդվում են Գարեգին Նժդեհի տեսությամբ, որը, ըստ նրանց, մերժում է քրիստոնեությունը և դավանում հեթանոսական կրոնը: Ճիշտ է, Նժդեհը բարձր էր գնահատում հեթանոսական դարերի ասպետական կեցվածքն ու մարտնչողականությունը, բայց նա ամենևին էլ հակաքրիստոնյա չէ: Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի զավակներից է, նրա ռազմավարական արվեստի, ինքնապաշտպանական, գոյատևման մարտերի տաղանդավոր ղեկավարն ու փայլուն տեսաբանը: Նրա ՑԵՂԱԿՐՈՆ տեսության հիմքում ընկած է հայ ցեղի մարտնչողական ոգին տեսականորեն թեժ, զգաստ, մարտականորեն պատրաստ պահելու և դրան տաշտամունքային տեսք տալու գաղափարը: Սակայն, ինչպես նշեցինք վերևում, զորավար Նժդեհը երբևէ չի ուրացել քրիստոնեությունը: Զորավար Նժդեհը «Բաց նամակ հայ մտավորականությանը» գրքում գտնում է, որ մեր եկեղեցին «… վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո մասին իր ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը»: Մեր եկեղեցին «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը և դրա հետևանքով ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգությանը: Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու ազատություն ունի, ում ուժի բազուկը լցված է հորդելու չափ, թափելու աստիճան: Արգասավոր չէ թույլի սերը: Քծնանք է թույլի ներումը: Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր: Նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր: Նրա անձն ու կյանքը պիտի դառնա եկեղեցու ուղեցույց: Նրա մահվան խորհուրդը՝ հերոսական զոհաբերություն: Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության: … Քրիստոնյան նա չէ, որ քրիստոնեական վարդապետական տարերքը սխալ է հասկացել, ընկել է նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոնեություն կա, մի կայծ ամենազոր Աստվածամարդու հոգուց: …Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի՝ ահա հայ եկեղեցու հավատամքը»:
Այսպիսով կարելի է միայն զարմանալ, թե ցեղապաշտներն ինչու՞ են ատելությամբ համակված քրիստոնեության նկատմամբ, ատելություն, որը զարմանալիորեն առնչվում է բոլշևիկյան հակաքրիստոնեական մոլուցքի հետ: Արդյո՞ք ցեղապաշտների նմանօրինակ դիրքորոշումը բոլշևիզմից ժառանգած նստվածք չէ:
Մեր կարծիքով, ցեղապաշտների նախընտրած հեթանոսական հավատքը արմատապես հակասում է ազգային հեթանոսական հավատքին բնորոշ ավանդույթներին: Նշանաբան ընդունելով հիտլերիզմը և հակահիտլերիզմը՝ ցեղապաշտները փաստորեն կտրվել են ազգային արմատներից:
Հուսանք, որ ցեղապաշտների մեջ կգտնվեն խելամիտ այրեր, որոնք կշտկեն իրենց նախորդների սխալ պատկերացումները, կզտեն օտարամուտ պաշտամունքային անմաքրությունները, կմաքրեն իրենց ցորենը հարդից և իրենց նշանաբանը կընդունեն ազգային միասնության վսեմ գաղափարը: