Կրոն և Պետություն

Մեր հայրենակիցներից քիչ չեն, ովքեր թերահավատ են մեր ազգային Եկեղեցու և դավանանքի նկատմամբ, հեշտությամբ մոլորվում և հայտնվում են մեր ազգային նկարագրին խորթ, հաճախ նույնիսկ ապազգային աղանդների ցանցը: Ոմանք էլ ենթադրում են, որ եթե վերադառնանք հեթանոսական հավատքին, շատ շուտով կստեղծենք մի նոր հզոր տերություն Տիգրան Մեծի օրինակով: Իրենց վերացական, անհեռանկար և միամիտ պատկերացումը հիմնավորելու համա, նրանք ասում են, թե ինչու՞, երբ հեթանոս էինք, ունեինք Տիգրան Մեծի հզոր կայսրությունը, բայց երբ քրիստոնեություն ընդունեցինք, իբր, կորցրինք ամեն բան: Այս ծիծաղելի պատկերացումը փաստում է, որ դրա հեղիակները պատմությանը մոտենում են մակերեսայնորեն. հաշվի չեն առնում ժամանակը, իրական պայմաններն ու հնարավորությունները, պատմության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները: Նրանք մոռանում են նաև, որ աշխարհում գոյություն ունեցող հզորագույն պետությունները ստեղծել են քրիստոնեա և կամ ոչ հեթանոս ազգությունները: Մոլորակի տարբեր անկյուններում թեև դեռ կան հեթանոս ժողովուրդներ, բայց դրանցից և ոչ մեկը սովորական իշխանություն անգամ չունի:
Իրավ է, որ Տիգրան մեծը (95-55Ք.թ.ա) իր գահակալության առաջին տարիներին ստեղծեց լայնածավալ և մի հզոր պետություն, որի արևմտյան սահմանները հասնում էին Միջերկրականի ափերը՝ իրենց մեջ առնելով Կիլիկիան և դրանից հարավ մինչև Եգիպտոսի սահմանները. արևելքից կայսրության սահմանները իրենց մեջ ընդգրկում էին Կասպից ծովի արևմտյան ափերը, ինչպես և Վիրքն ու Աղվանքը. հյուսիսից կայսրությունը սահմանակից էր պոնտական կայսրությանը և ուներ ելք դեպի Սև ծովը. հարավից կայսրության մեջ ընդգրկված էին Մարաստանը, Հյուսիսային Միջագետքը, Ագիաբեն երկիրը, Ասորեստանի Նինվե մայրաքաղաքը և Օսրոենե երկիրը՝ Եդեսիա մայրաքաղաքով:
Տիգրան մեծը ստեղծեց բազմազգ, բազմացեղ, բազմալեզու մի հզոր կայսրություն, որի հետ հաշտվել չէր կարող Հռոմը: Եվ այսպես, Ք. թ. ա. 71 թ. առաջինը Հայաստանի վրա հարձակվեց հռոմեական բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ: Հռոմեացիները մինչև անգամ գրավեցին Տիգրանակերտ մայրաքաղաքը և կողոպուտի ու ավերման ենթարկեցին, իսկ Տիգրան Մեծը, վերամիավորելով իր ուժերը, կարողացավ վճռական հակահարված հասցնել թշնամուն և դուրս վռնդել Հայաստանի սահմաններից:
Հռոմեական բանակի երկրորդ հարձակումը Հայաստանի վրա սկսվեց զորավար Պոմպեոսի հրամանատարությամբ: Պոմպեոսին միացել էր նաև Տիգրան Մեծի որդին՝ Տիգրան կրտսերը իր ուժերով: Տիգրան Մեծը, զգալով, որ անհնար է դիմադրել թշնամու հզորությանը, գերադասեց ներկայանալ Պոմպեոսին և խնդրել հաշտություն: Տիգրան Մեծը Պոմպեոսին ներկայացավ մենակ և նրա ոտքերի առաջ դրեց իր թագը: Պոմպեոսը Տիգրան Մեծի թագը բարձրացրեց և կրկին դրեց նրա գլխին, միաժամանակ հրամայեց շղթայել հայրենադավ Տիգրան կրտսերին: 66թ. Ք. թ. ա. Տիգրան մեծի և Պոմպեոսի միջև կնքվեց հաշտության պայմանագիր՝ համաձայն որի Տիգրան Մեծը զրկվեց իր բոլոր նվաճումներից: Նրա իշխանության տակ մնաց միայն Մեծ Հայքը՝ մոտ երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ: Այս դեպքից հետո Տիգրան Մեծը շարունակեց գահակալել Մեծ Հայքում շուրջ տասը տարի և որևէ քայլի չդիմեց՝ վերանվաճելու իր կայսրության կորցրած տարածքի գոնե մի մասը: Մի խոսքով, Տիգրան Մեծի լայնածավալ կայսրությունը մի գեղեցիկ հուշ էր, որը վաղանցիկ երազի պես եկավ ու անցավ, որի փառքը, ցավոք, չվայելեց նաև ինքը՝ Տիգրան Մեծ կայսրը:
Տիգրան Մեծի մահից հետո Հայաստանը 345 տարի շարունակում էին կառավարել հեթանոս տիրակալները, սակայն բացառությամբ Արտաշես 2-րդի գահակալության տարիներից, որևէ տարածքային փոփոխություն հօգուտ Հայաստանի տեղի չի ունեցել: Ընդհակառակը, տևականորեն ենթարկվելով օտար նվաճողների ճնշումներին՝ հայ հեթանոս տիրակալները ավելի շուտ մասն առ մաս կորցրել են մեր տարածքները, քան նվաճել նորը:
Արաբական խալիֆաթը իր ժամանակին աշխարհի հզորագույն տերություններից էր, որի գերիշխանության տակ էր գտնվում նաև Հայաստանը: Բայց դա չխանգարեց, որ քրիստոնյա Հայաստանը ոտքի կանգներ խալիֆաթի հզորության դեմ և ազատագրական պայքարում ապահովեր իր պատմական հաղթանակը, վերականգներ իր ազգային պետականաությունը և ստեղծեր Բագրատունյաց քրիստոնյա հայոց հզոր պետությունը, Բագրատունիների ստեղծած Անի մայրաքաղաքը, նրանց օրոք կերտված Ախթամարը, Տաթևը, Գանձասարը, Հաղպատը, Ամարասը, Մակարավանքը, Հաղարծինը, Կեչառիսը, Վարագը, Դադեվանքը և այլն: Սեբաստիայից մինչև Կասպիականի ափերը. Պոնդոսից մինչև Միջագետք սփռված անհամար կանգուն և ավերված հուշարձանները Բագրատունյաց քրիստոնյա կայսրության փառքի խոսուն վկաներն են, որոնք հուշում և հաստատում են, որ նշված տարածքները անվիճելիորեն հայկական են եղել: Բագրատունիների օրերում կերտած պատմամշակութային այս հարստությունները, որոնք համամարդկային հնչողություն ունեն, հանդիսանում են մեր ազգային հարստությունը:
Բերված փաստերը հաստատում են, որ հայոց պետականության կորուստը ոչ մի առնչություն չունի քրիստոնեական հավատքի հետ: Եվ, ընդհակառակը, հայ ժողովուրդը, դարեր շարունակ ենթարկվելով, օտար խուժդուժ ցեղերի արյունալի արշավանքներին և տոկալով իսլամական դաժան լծի տակէ կարողացել է պահպանել իր ազգային դեմքն ու ինքնությունը առաջին հերթին շնորհիվ իր քրիստոնեական հավատքի: Ուրեմն, եկեք այլ տեղ փնտրենք մեր պետականության կորստի պատճառները: