“Տնավեր լաճի ” առեղծվածը

Ժողովրդական երգիչ, պատմաբան և հասարակական գործիչ Հայրիկ Մուրադյանն անցել է դժվարին, բայց և գեղեցիկ ու բեղմնավոր կյանքի ուղի՝ բռնագաղթի քառուղիներից իր բոլոր սարսափներով և մղձավանջով, հասնելով հայրենի եզերք:
Որպես պատմաբան՝ իր աշխատություններում մեկնաբանության է ենթարկել պատմական հարցեր, նորովի լույս սփռել Վարդան Մամիկոնյանի և վարդանանաց պատերազմին վերաբերող փաստերին:
Երգարվեստ եկավ Հ. Մուրադյանը ժողովրդի ընդերքից:
Նա սերվել է Շատախի լեգենդաշատ Առնոս լեռան ստորոտի Ճնուկ գյուղից, հիսուն հոգուց բաղկացած մի մեծ գերդաստանից, որն ապրում էր նահապետական սրբություններով ու տոհմիկ կյանքի գեղեցկություններով, որոնք և կոփեցին Հայրիկի մարդկային բարձր նկարագիրը:
Պատմում են, որ Շատախը մի գողտրիկ աշխարհ էր՝ լի ժողովրդական պատում-երով, հեքիաթներով, երգերով, առասպելներով, քաջության ու հերոսության հրաշքներով:
Առնոս լեռան անունը, ըստ լեգենդի, ծագել է Առ զնոյս խոսքից, որով Նոյը դիմել է լեռանը ջրհեղեղից պատսպարվելու համար: Լեռն էլ այդ պատիվը վերապահել է իր մեծ եղբորը՝ Մասիսին, ասելով՝ Մասիսը բարձր է, քան զիս, դիմիր նրան: Պատմում են նաև, որ մարդիկ այստեղ են տեսել երկնքից թափվող մանանան, որովհետև շքեղ էր բնությունը: Այստեղ ամեն օր երգ էր ծնվում ու երգապատում, որի էպիկական ոգին նման էր Շատախի եզրին միացող երկու գետերի՝ Տիգրիսի և Սըվտիկինի հորդառատ ջրերի էպիկական ոգուն:
Սքանչելի էր երգում Շատախը, որի երգի հարստության ներքո տարիների հետ աճեց Հայրիկի հակումը ժողովրդական երգի և զրույցների նկատմամբ, նա յուրացրեց նրանց ինքնատիպ մեղեդայնությունը: Եվ նվիրումի մի ամբողջ աշխարհ բացվեց Հայրիկի հոգում՝ բերնեբերան լցվելով Վասպուրականի, Շատախի, Մշո, Մոկաց աշխարհի, Վանի, Սասնա և, ի վերջո, համազգային երգով ու տաղով: Հայրիկը ներկայացնում է երաժշտական մի զարմանալի հարուստ, նուրբ հուզաշխարհ: Եվ այն չկորավ բռնագաղթի մղձավանջում, Միջագետքի անապատներում, Գաղթի ճանապարհներին՝ Շատախից մինչև Բաղդադ, Սալմաստ, Պարսկաստանից՝ Հայաստան` փոշիների ու հողմերի միջով հասավ մեզ, դարձավ սիրված անուն, ամենուր փնտրած ու գտնված անզուգական դեմք:
Զարմանահրաշ երևույթ էր Հայրիկ Մուրադյանը: Նա ամբարել էր իր մեջ, իր հոգեկան աշխարհում Շատախի և Վասպուրականի երգարվեստի այնպիսի գանձեր և այնպիսի ահռելի քանակությամբ, որ անհավանական է թվում, հայ ազգագրական և ժողովրդական այնպիսի կոթողներ, որ սարսուռ է պատում, երբ մտածում ես, որ այդ ամենը կարող էր կորչել: Չէ՞ որ Հայրիկը ամբողջը բերել էր պահպանած միայն իր հիշողության մեջ, թղթին չհանձնած: Սա սխրագործություն է, նվիրումի յուրատեսակ մարտիրոսություն՝ հար և նման այն մամիկներին, որոնք շալակած բերեցին հայ մագաղաթները: Հայրիկը բերել էր 350-ից ավելի երգեր՝ անգիր ու անձայնանիշ, անաղարտ պահպանված, և, ամենակարևորը, երգի ոգին: Նա դարձավ Շատախի և Վասպուրականի երգի վերածննդի յուրօրինակ առաքյալը, մեսիան: Երգում էր Հայրիկն ու կարծես երգում էր ողջ Շատախը՝ իր հոգևոր ու հայրենասիրական, հայդուկային ռազմերգերով, աշխատանքային, ծիսական, հարսանեկան սիրերգներով, երգիծաերգերով ու օրօրոցայիններով: Հայրիկը երգում էր նաև հատվածներ «Սասունցի Դավիթ» երգապատումից, որի Շատախի ճյուղի անզուգական կատարողը իմ պապ՝ Շատախի ճակատամարտի հերոս, Բազկե Միրզոյի եղբայր Բազկե Շահինն էր: Ի դեպ, նրա երգապատումը գրի է առել Կարո Մելիք-Օհանջանյանը և ներկա է եղել Մեծն Թումանյանը: Հայրիկը դարձել էր ազգային երգի քայլող ձայնադարան:
Հրատարակվել է «Հայրենական երգեր» հատորը, ուր նոտագրված է միայն 123 երգ: Լույս աշխարհ եկավ Հայրիկի երգերի ձայնապնակը: Արվեստի ինստիտուտը ձայնագրել է ևս 350 երգ, և այդ ամենը չէր սպառում Հայրիկի հոգում անթեղված, կուտակված երգերի խոսք-մեղեդիների քանակը:
Ողջ հայ ժողովրդի բարձր գնահատանքին է արժանացել Հայրիկը: Ամենագեղեցիկ դրսևորումներից է Վիլյամ Սարոյանի հիացմունքը: Իր 70-ամյակի առիթով կինոյի տան դահլիճում Հայրիկը նրան ողջունեց «Գութանի երգ»-ով՝ իրեն հատուկ հոգեզմայլ կատարումով, և Մեծն Բիթլիսցու աչքերին արցունք երևաց, նա խնդրեց կրկնել երգը և ողջագուրվեց Հայրիկի հետ:
Հայրիկի գործը շարունակեց նրա տաղանդաշատ դուստրը՝ Մարո Մուրադյանը: Մարոն Կոմիտասի պես քառաձայն էր երգում: Լեզվաբան էր, «Շատախի բարբառը» գրքի հեղինակն էր: Կոնսերվատորիայում պաշտպանած նրա դիպլոմային աշխատանքը՝ նվիրված ազգային լեզվի և ազգագրական երաժշտությանը, մեղեդու համադրությանը, ներկայացնում էր այնպիսի մի հայեցակետ, որը երաժշտագիտության նոր ճյուղի սկիզբ կարող էր համարվել, եթե շարունակեր: Նա հիմնադրեց «Ակունք» համույթը, որը մեծ համբավ և ժողովրդականություն վայելեց հենց իր օրոք: Նոր ավյունով հնչեցին Շատախի, Վասպուրականի երգարվեստի գանձերը: Երգերն այստեղ զուգորդվում էին զարմանալիորեն անաղարտ ներկայացված Շատախի խրոխտ պարերով: Այդ պարերը մանկուց ես տեսել էի մեր տանը՝ տատիս, հորս՝ Սահակ Բազյանի, Հայրիկի, Ռուսեթ Հովհաննիսյանի, Հարություն Ազիզյանի, Եղիշե Կուրդոյանի, Բազիկի կատարմամբ:
Իմ համոզմամբ՝ 1964 թվականի, ինչու չէ նաև 1988թ-ի Ղարաբաղյան շարժման հայրենասիրական ոգին ծնվել ու սնվել է Հայրիկի երգերից, հատկապես հայդուկային երգերից, քանզի նրանք ունեն ոչ միայն գեղադիտական հմայք, այլ և քաջանալու, ռազմի ներշնչանք:
Հայրիկը հայրենիքի և ժողովրդի ճակատագրով ապրող, համազգային վերելքով ոգևորվող և ողբերգությամբ տառապող մարդ էր: Մեծ անհատականություն էր՝ կրակված սրտով:
Նա հրաշալի հայ էր, քաղաքացի: Դեռևս իր ապրած վերջին տարիներին էլ Հայրիկն ուներ ակտիվ դիրքորոշում և բեղմնավոր գրիչ: Հանդես էր գալիս մամուլում մեզ հուզող շատ հարցերի լուսաբանությամբ, նաև նշեմ՝ «Լեռան քարոզի» նոր մեկնաբանությամբ:
Մտերիմները, հարազատները դեռ այդ երգերը լսելու արգելված ժամանակներից երջանկություն են ունեցել վայելելու Հայրիկի սքանչելի երգերը, որոնք զարմանալիորեն հարազատ էին մնացել ժողովրդի ոգուն: Մեր ու Հայրիկի տանը հայ մտավորականների սերուցքը և շատ շատերը նույնպես տարիներ շարունակ ըմբոշխնել են Հայրիկի կախարդող ձայնը և մարգարիտների պես հղկված ազգագրական երգերը:
Հայրիկն իմ նախնիների աշխարհից ինձ հասած մի սուրբ մասունք էր, որ ջերմացրեց մանկությունս, պատանեկությունս, ողջ կյանքս: Առհասարակ, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կողքիս ունեցել եմ հորս՝ Սահակ Բազյանին և իմ Հայրիկին՝ Մուրադյան: Նրանք ուս-ուսի, կողք-կողքի անցել են իրենց կյանքի ուղին՝ սկսած մանկության տարիներից: Նման էին մեկմեկու ու շատ բաներում էլ նույնանում էին իմ աչքում. երկուսն էլ իսկական շատախցի՝ սկզբունքային, վատը տեսնելիս գիտեին մռայլվել, Առնոս լեռան պես մնալ աննվաճ, բայց և ծիծաղկոտ էին ու փխրուն, ունեին սիրող սիրտ, նվիրված էին մտերիմներին և ազգին…
Իզուր չէր, որ երկուսն էլ Զարդար տատի կաթով էին սնվել: Հպարտանում էին՝ կաթնեղբայրներ ենք: Հայրիկն իր երգերը սովորել էր ոչ միայն Զոզան մորից, այլև իմ Միրզո պապի և Զոզանի զուգերգերից: Մինչև վերջ էլ ասում էր. «Նրանց երգը դեռ ականջիս մեջ է»…
Միասին երազում էին երթալ Շատախ, ես էլ ծիծաղելով ավելացնում էի. «Մի մոռացեք նաև, որ դեռ պիտի բերեք ու միացնեք Հայաստանին»: Միասին երգում էին «Առնոսը» ու լալիս, երգում էին «Անտունին» ու լալիս:
Երկուսն էլ գնահատվեցին վաստակավոր գործիչի բարձր կոչումով. հայրս` գիտության գծով, Հայրիկը՝ արվեստի:
Սիրտս նման էր էն փլված տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր են սներ…
Եվ ամենասարսափելին՝ ավերված հայրենի տան մեջ ու հայրենիքում վայրի հավքերն են բուն դնում, քանզի դատարկվել են շենացնող մարդուց՝ հայից: «Տնավերլաճի» զարհուրանքից նետում է իրեն «Էն էլման գետեր»՝ դատարկ թողնելով հայրենին: Հնչում է մեղադրանքը սուլթանական չարիքի դեմ:
Այսօր նույնպես կարող են հնչել տնավեր լաճերի մեղադրանքները՝ ոչ սուլթանական, սակայն նույնպես չարիքի դեմ՝ արթնացնելով դիմագրավելու ձգտում և ոչ երբեք «ըմբռնումի» մոտեցում:
Պատահական չէ «Երազի երկիր Հայրենի« «Հայրիկ» ֆիլմի համար գրած երգի խոսքերը: Առաջին անգամ երգը հնչեցվել է «Հայրիկ» ֆիլմում Հայրիկի կատարմամբ՝ Հայրիկին հատուկ ֆոլկլորային երանգներով, իր ողջ երգացանկին հատուկ մեղեդային շեշտերով: Հայրիկն այն գրել է խորը գիտակցումով, որ իր հայրենիքը շահել, պահել են իր պապերն ու եղբայրք և մենք էլ պիտի անենք նույնը: Սա է պատգամը մեզ մեր մեծերի, և այն ավելի արդիական է դառնում այսօր, երբ շատերն են փախչում, լքում մեր չքնաղ երկիրը:

Սահանուշ Բազյան