Կարծիքներ

Հայրիկը երգ չէր փրկում, այլ ազգի տեսակ՝ մեր տեսակը․ Հայրիկը խոսք չէր փրկում, այլ գաղափար։ Չէր փրկում մեղեդի, այլ Աստվածային հնչյուն։
Եվ Էրգրի ամեն մի տարածքի երգի հետ մեր հոգում փրկում կրկին վերադառնալու գաղափարը։
Պիտի վերադառնանք Էրգիր․․․
Նաև Հայրիկի փրկած երգով պիտի վերադառնանք։

Գագիկ Գինոսյան

Ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանը հավաքել և մոռացությունից փրկել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների շատ ու շատ ազգագրական երգեր, զտել ու մաքրել է երգը օտար ազդեցություններից:
Երգերի թեմատիկան եղել է բազմազան՝ աշխատանքային, քնարական, հայրենասիրական և կատակային:
Բարձրաճաշակ, զգայուն, բնությունից նուրբ լսողությամբ օժտված Հայրիկ Մուրադյանը գեղեցիկ և արտահայտիչ, կատարողական պարզ ու արխայիկ, ազգային ոճին բնորոշ առանձնահատկությամբ միշտ էլ հուզել է իր ունկնդրին:
Հայրենի երգը ձևավորվելը դարձել է Հայրիկի հոգու բնական ու անգնահատելի հարստությունը դեռևս վաղ մանկության տարիներից:
Հայրիկ Մուրադյանը ծնվելէ 1905թ. մայիսի 3-ին Շատախ գավառի Ջնուկ գյուղում, գեղեցիկ բնության գրկում՝ երգ ու պարի ընտանեկան համույթներով զարդարված: Հատկապես մորից սովորեց գեղջկական երգերն ու երգեցողությունը և հետագայում վարպետորեն վերարտադրեց իր սովորած ժողովրդական երգի երաժշտական պատկերները:
Անհոգ մանկությունը ընդհատեց 1914թ. Գաղթը, և ճակատագրի բերումով Հայրիկը հեռացավ իր բնօրրանից:
Տարագիր տարիներին նա ապրում էր սկզբից Վանում և սովորում էր Վանի դպրոցում: Հայրենի երգն ու բառը, բանահյուսությունը սովորեց նաև Վանի դպրոցում իր ուսուցիչներից:
Բացառիկ հիշողությամբ և ընդունակություններով օժտված պատանին 20-րդ դարասկզբի պատմական անցուդարձերի բովում մեծացավ: Դառնություն զգաց, երբ ապրեց հայրենիքի, ծնողների անդառնալի ծանր կորուստը: Հայրենի Շատախը, Ջնուկ գյուղը այդպես էլ մնացին երազանք: Նա ապրեց սփոփանքով՝ իր հետ բերած ու պահպանած հայկական հին երգերով ու բանահյուսություններով, պատմական վառ հիշողություններով:
Երկար թափառումներից հետո Հայրիկը իր գերդաստանի բեկորներով եկավ հաստատվեց քանդված, ավերված, տառապյալ երկրի այն հատվածում, որտեղ հավաքվել էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շրջակայքում, ուր տիրում էր համաճարակն ու սովը:
Շուտով հայ ազգի նվիրյալ մտավորականների կոչով Հայրիկը ընդունվեց Երևանի նորաստեղծ ժողովրդական համալսարան: Այստեղ կրթվեց ու դաստիարակվեց նոր աշխարհընկալմամբ:
Ապրեց խորհրդային երկրում, զգաց խորհրդային կյանքն իր բոլոր դժվարություններով ու անարդարություններով: 1937թ. հայ ազգի նվիրյալ մտավորականների նման ինքն էլ հայտնվեց բանտում: Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո: Մեկ տարի անց բանտից դուրս գալուց հետո միայն Հայրիկը իմացավ, որ այդ դժնդալի օրերին մահացել էր իր սիրելի արու զավակը:
Հայրիկը ապրեց ու զգաց, որ միայն աստվածայինը կփրկի մարդկությունը: Ապրեց հավատքով ու ստեղծագործեց: Ստեղծագործեց գաղտնի՝ կարոտը սրտում: Երգերը նրան ուժ էին տալիս:
Երկար տարիներ Հայրիկը Հայաստանի շրջաններում ծավալում էր ղեկավար բնույթի աշխատանքներ: Նա ծանոթանում և շփվում էր տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, նրանցից սովորում և հավաքում էր հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր:
Հայրիկի տունը Երևանում դարձավ ազգագրական երգերի դարբնոց: ժամանակավորապես կորած տարբեր գավառների ազգագրական երգերն այստեղ վեր գտան իրենց, իրենց վերածնունդը: Այստեղ էին հավաքվում հայ մտավորականության լավագույն զավակները: Կարոտը ազգային երգերի նկատմամբ, որն այն ժամանակ արգելված էր և հետապնդվում էր ամեն քայլափոխի, բերում էր նրանց այս տունը: Երգերն ուղեկցվում էին Հայրիկի հայրենասիրական պատմություններով:
Մուրադյանը պատմաբան հնէաբանի բծախնդրությամբ ներկայացնում էր մեզ մեր ժողովրդի արևմտյան հատվածի երգաշտեմարանը:

Վալտեր Արամյան գրող

Խրուշչևյյան հեղաշրջումից հետո երկրում սկսվեցին դեմոկրատական փոփոխություններ, որոնք հետագայում ուղեկցվեցին ազգային զարթոնքով:
Եվ այսպես, 1963թ. առաջին անգամ եթեր հեռարձակվեց հայ ազգային երգի ջատագով Հայրիկ Մուրադյանի ձայնը: Նա առաջինը ճեղքեց բռնապետական երկրի եթերային սահմանները և այն զարդարեց հայրենասիրական ու ազգային հին երգերով:
Հայրիկ Մուրադյանը յուրայինների համար գաղտնի երգելու շրջանակներից դուրս ելավ ու սկսեց տարածել ի սփյուռ հայրենասիրական, գեղջկական երգեր, այն, ինչ կուտակվել էր իր մեջ:
Կարոտի երգերը շուրթեշուրթ տարածվում էին: Հայրիկի օրինակով ժողովուրդը սկսեց վերականգնել իր հին երգերը ու երգել:
Ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի ազգանվեր գործունեությունը, նրա ելույթները եթերով նպաստեցին ստեղծելու մի ամբողջ դպրոց, հետևորդների մի բանակ:

Ա. Կիրակոսյան երաժշտագետ

Ֆոլկլորային երգերը պրոպագանդելու առաջնության պատիվը նույնպես պատկանում է Հայրիկ Մուրադյանին, ինչպես նաեւ նրա դուստր Մարո Մուրադյանին: Նրանք բարձրացրին միաձայն երգեցողության արվեստը իրենց իսկ կողմից հիմնադրած «Ակունք» և «Վան» համույթներում:
1980թ. հրատարակվեց նոտագրված «Հայրենի երգեր» խորագրով Հայրիկ Մուրադյանի երգերի ընտրանին, Փարիզում հրատարակվող «Աշխարհի ժողովուրդների բանահյուսությունում» կազմվեց 3 ձայնապնակ, ևս 3 ձայնապնակ հրատարակեց «Մելոդիա» ֆիրման Հայրիկ Մուրադյանի կատարմամբ:
Հայրիկը, հոգու թելերով կոփված, հարազատ մնաց իր բնաշխարհի սովորություններին, իր ազգային ոգուն, երբեք չշեղվեց, մնաց հիմնաքարը, մեր խաչքարը: Նա մնաց հավատարիմ իր խոսքին գործով: Նա իր բազմաչարչար ստեղծագործ աշխատանքով ու նվիրվածությամբ դարձավ այն հիմնական օղակը, որը սրբագործելով ներարկեց ազգային ավանդույթներն ու փորձը, այն գիտակցությամբ, որ կգա ժամանակ, երբ վերջապես հայ ժողովուրդն օրինական հպարտությամբ և ազգային արժանապատվությամբ կհամախմբվի իր արմատների շուրջը՝ ստեղծագործելու հանուն սեփական բարօրության և զարգացման:
Այս ծանր տարիներին Հայրիկը ապրեց, տառապեց իր ժողովրդի ընդհանուր ցավով: Նա տեսավ, թե ի՞նչն է խանգարում բնածին մարդուն ապրելու համար: Հասկացավ, որ առաջնայինը աստվածայինն է, իսկ ոգեղենը պետք է մաքրել ամեն տեսակ թույներից ու արատներից: Տարվեց ոգեղեն արժեքներով՝ այնտեղ իսկ գտնելով իր կոչումը: 94-ամյա ծերունին կատարեց նաև իր վերջին պարտքը. Պատրաստեց տպագրության «Մատյան Լայն Շողին Մեծի» Նոր Աստվածաշունչը, Գերբնական Արարչի տեսությունը և նրա պատվիրանները ժամանակակից մարդուն: Այն նվիրեց Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակին: