Մեր Գյուղը

Մեր գյուղը հիմնված էր Առնոս լեռան հյուսիս-արևելյան թեք լանջին։ Գյուղի յուրաքանչյուր տան տանիքը իրենից վեր կառուցված տան համար բակ էր, իսկ երեխաների համար՝ խաղահրապարակ։ Սակայն գյուղի երեխաների ամենասիրած հավաքատեղին և խաղավայրը Ավկանց ընդարձակ տանիքն էր, որը գտնվում էր գյուղի կենտրոնում։ Այս տանիքի տակ ապրում էին 7 ընտանիք՝ իրենց տներով և հարակից հարմարություններով։ Այս տանիքի տակն էր գտնվում նաև մեր գյուղի դպրոցը։
Ավկանց տանիքի վրա էին անցկացվում պարահանդեսները, տոնախմբությունները, զինավարժությունները, հարսանեկան և ընդհանրապես զանգվածային ծիսակատարություններն ու մանկապատանեկան խաղերը (քոխու, ատլաս, կելանե և այլն)։
Ջրառատ էր մեր գյուղը։ Գյուղի արտերի մեծ մասը ոռոգվում էր հենց իր մոտի աղբյուրների ջրով։ Իմ խնդրանքով Զադո հորեղբայրս թվեց գյուղի 210 աղբյուրների անունները և ավելացրեց «Էլի կան, ամա անուններ մոռցիր եմ»։