Մարոյի Խոսքը

Ազգագրական մշակույթը ժողովրդի հիշողությունն է, նրա հոգեկան կերտվածքի ցոլացումը,նրա մտքերի և հույզերի, նրա երազանքների դրսևորումը։
Պարզապես պետք է լայն ասպարեզ տալ ժողովրդական երգերի քարոզչությանը, որ այն վերստին մտնի մեր ժողովրդի կենցաղի մեջ: Պրոպագանդման գործում ավելի մեծ դեր պետք է խաղան ժողովրդական երգի իսկական վարպետները:
Այդ ուղղությամբ, իհարկե, որոշակի ձգտումներ կան, և սա ուրախալի է, միայն թե անհրաժեշտ է գործին ծրագրված բնույթ տալ և հասարակական մասշտաբներով նպաստել այն բանին, որ հայ բնիկ երաժշտական ժառանգությունը կյանքի կոչվի և ուսումնասիրվի ավելի խորն ու բազմակողմանիորեն:
Չէ՞ որ մենք էլ ազգություն ենք և պարտավոր ենք մեր ժառանգությանը տեր կանգնել: Չէ՞ որ մենք իրավունք չունենք կորցնել մարդկության մի հատվածի` հայ ժողովրդի ստեղծած սքանչելի արժեքները, որովհետև դրանք ոչ միայն մերն են, այլև ողջ Տիեզերքի մարդկությանը:
Ուժերի ներածին չափով ուզում ենք կամուրջ լինել անցյալի և գալիքի միջև, ուզում ենք, որ ապագան չկորցնի անցյալը, իր բազմադարյան հիշողությունը: Ուզում ենք, որ մեր ժողովուրդը պահպանի իր հոգու ընտիր սերմերը, որ դրանք նոր հրաշք ծիլեր ընծայեն գալիքին:
Մեր ազգագրական արվեստի երկրպագուների խումբը` հետագայում` «Ակունք» համույթը, ստեղծվել է 1977 թվականի վերջերին: Խմբի անդամները տարբեր մասնագիտության տեր մտավորականներ են` գիտնականներ, ուսուցիչներ, ինժեներներ, երաժիշտներ, ուսանողներ…
1980 թվականին «Ակունքն» արդեն համարվում էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական համույթ:
Շատ հաճախ ենք լինում ժողովրդի մեջ` հրավերքներ, հանդիպումներ, համերգներ: Զարմանալին այն է, որ երբեք չենք զգում սահմանը մեր և ունկնդրի միջև: Փոխադարձ համաձայնություն է տիրում, հոգիների ինքնամոռաց ձուլում: Իսկ ո՞րն է գաղտնիքը, ինչու՞ է ջնջվում սահմանը ունկնդրի և կատարողի միջև: Անշուշտ, անխառն ու բնական ժողովրդական արվեստի կենարար շունչն է, որ կապում է սրտերը, արթնացնում հոգիների հնամյա հիշողությունը, իսկ այդ կենարար շունչը հավերժելու զորությամբ է օժտված:
«Երբ երգում է «Ակունքը», կարծես մենք ինքներս ենք երգում», – ասում են համույթի բոլոր երկրպագուները։ Տալինում մեր ելույթները ջերմությամբ ու ոգևորությաբ ընդունվեցին: Այդ մասին «Սովետական Հայաստան» թերթը տպագրեց Էստոնիայի բուհական միացյալ երգչախմբի դիրիժոր Ռենե Էհալայի նամակը.
«Էստոնացիները հմայվեցին հայ ազգագրական արվեստի մեղեդային և ռիթմական ճոխությամբ ու գեղեցկությամբ և խմբի անդամների խորը երաժշտական կատարողականով»:
«Երգը վերադառնում է մեզ» կինոնկարը երկնագույն էկրանից դիտելիս երբեք մտքովդ չի անցնում, որ ոճային ու ժանրային առումով տարբեր աշխարհագրական շրջանների պատկանող երգերն ու պարերը կատարողները այսօրվա երիտասարդ տղաներն ու աղջիկներն են. այնքան հարազատ ու բնական է նրանց կատարումը, – իր մի հոդվածում նշում է Միհրան Ջանիկյանը։

Վարդն ի պացվե Վանա քաղքի իկեստար․
Քյա խորոտիկ, քյա նազերով
Վ՞իրն ես տյու,
Աշխարհն կիտե, ալամ կիտե,
Իմն ես տյու․․․

Սիրում եմ նկարչություն, բանաստեղծություն: Երջանիկ եմ, որ մոլորակի վրա ծնվել, ապրել, ստեղծագործել են Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինը, Հովհ. Այվազովսկին, Լեոնար–դո դա Վինչին, Ռուբենսը, Ջորջ Բայրոնը, Թումանյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Չարենցը և իմ ժամանակակից լուսատենչ Սևակը:
Շատերին եմ սիրում…, բայց տարերքս երաժշտությունն է: Այն ինձ համար վեր է հրաշքից: Չկա խոսքը, չկա նյութեղեն պատկերը, բայց կա խորը հույզը, հոգու կախարդանքը, առեղծվածային դյութանքը:
Այս են ասում Բեթհովենի փոթորկուն սիմֆոնիաները, հայոց խնկաբույր պատարագը, Բախի երկնատենչ մեղեդիները… Ներշնչում են հավատալ, որ կա կատարելություն, որ Տիեզերքն անսահման է, մեղեդին անվերջ` նման Տիեզերքին, այն չի ավարտվում, այլ միայն դադար է առնում, որ նորից ու նորից հնչի և մարդկանց ասի` երբեք չհուսահատվեք, հավատացեք. աշխարհն անվախճան է, մարդն անմահ է: Բարի եղեք, բարի մնացեք և կապրեք հար: