Դըլէ , Յաման

«Դըլէ, Յաման» երգը հորինել է Վասպուրականի Հայոց Ձոր գավառի Կղզի գյուղի բնակիչ՝ Բդե անունով մի հայ գեղջկուհի՝ ոչ հեռավոր անցյալում։ Դեռ 10 տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով գեղանի Բդեն զրկվում է տեսողությունից։ Դժբախտությունը նրան մղում է իր ցավը աշխարհին երգով պատմելու։ Ահա այն կցկտուր տեղեկությունը, որ մեզ հասել է նրա մասին իր հայրենակից Արտաշես Աբրահամյանի միջոցով։ Արտաշես Աբրահամյանը աշխատում էր ՀԽՍՀ մինիստրների սովետում, վախճանվել է 1975 թվականին՝ մոտ 70 տարեկան հասակում։ «Դըլէ, Յաման» երգը տարածված էր Վասպուրականի և Մոկաց աշխարհի բոլոր գավառներում, և յուրաքանչյուր գավառ, անգամ ամեն երգիչ աշխատում էր իր զգացմունքներով համեմել երգի մեղեդին։ Ստեղծվում են երգի բազմաթիվ տարբերակներ։

Դըլէ , յաման,
Մեր տուռ ծեր տուռ իրար տիմաց,
Վա՜յ լէ, տնավէր,
Հերիքյ անես աչքօվ իմաց,
Յաման, յաման։
Դըլէ , յաման,
Արեվն առե Վանա ծօվուն,
Վա՜յ չէ, տնավէր,
Քեզ սիրեցի աշնան խովուն,
Յաման, յաման։
Դըլէ , յաման,
Գյամին էկավ կըրակի պէս,
Վա՜յ լէ, տնավէր,
Էկավ, խասավ չուր ծովուն կէս,
Յաման, յաման։
Դըլէ , յաման,
Գյամին էկավ չուր ծօվու կէս,
Վա՜յ լէ, տնավէր,
Իմ սիրտ էրկավ կըրակի պէս,
Յաման, յաման։
Դըլէ , յաման,
Լուսնակն էլավ սարի ծէրին,
Վա՜յ լէ, տնավէր,
Կարօտ մացի յես իմ յարին,
Յաման, յաման։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.