Ով Որ Քաջ է

«Ով որ քաջ է» երգը հորինված է 19-րդ դարի 70-ական թվականների վերջերին։ Գրական տեքստը լույս է տեսել հայ պարբերական մամուլում 1880 թվականին։ Այդ օրերին սուլթան Համիդ Բ-ն, Արևմտյան Հայաստանը թուրքացնելու մոլուցքով տարված, զանգվածաբար վտարում էր հայ գյուղացիներին իրենց բնակավայրերից և նրանց ավանդական հողերն ու շեները հատկացնում էր Բալկաններից ու Կովկասից տեղափոխված իսլամ գաղթականությանը։ Երգը այս իրադրության ծնունդն է։ Վերջին քառյակը ավելացված է հետագայում։

Ով որ քաջ է ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող թող գա։
Այս հինգ դար է մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից մեզ կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա։
Կռվենք, պարպենք և վերջանանք,
Կամ զենքերով կյանք ստանանք․
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա։
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ փաշին սիրող թող գա։

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.