Կայքի շնորհանդես

2013 թվականի օգոստոսի 1-ին, Երևան քաղաքի «Կոնգրես» հյուրանոցում, տեղի ունեցավ հայ ազգագրությանը և Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ-երեկո՝ կազմակերպված «Ինստիգեյթ» ընկերության կողմից։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայրիկ Մուրադյանի և նրա հետևորդների կողմից ստեղծված «Վան», «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Մասունք», «Վերադարձ» ազգագրական համույթները, հանդիսականներին ներկայացվեց սույն կայքի մեկնարկը։
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, նրանց թվում՝ Հայրիկ Մուրադյանի աշակերտները, Հայրիկի թոռան կինը՝ Նարինե Դելլալյանը, ծոռը և ծոռնուհին։ Միջոցառումը լուսաբանվեց մի քանի լրատվամիջոցների կողմից, կազմակերպիչները տվեցին հարցազրույցներ «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «ԱրմՆյուզ» հեռուստընկերությունների լրագրողներին։
Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ-երեկոն հայ ազգի համար համախմբվելու և ազգային ոգով ներշնչվելու ևս մեկ առիթ դարձավ։ Մասնակիցները ողջ միջոցառման ընթացքում երգում և պարում էին ազգագրական համույթների հետ մեկտեղ։ Նրանց ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ միջոցառումը նախատեսվածից ավելի երկար տևեց՝ վերածվելով իսկական ազգագրական տոնի։ Ավարտին կազմվեց ամենամեծ պարաշրջանը, որն անհաղորդ չթողեց ոչ ոքի։