Գյուղիս ճամբան

Կյանքի նավակ հետք չթողուց իր ետին,
Մոռացումի առավ ինձմե ամեն բան,
Հին երազներս ամպերու պես կանհետին,
Հիշատակս էլ կանցնի երգի մը նման:

Հոգիս սակայն կհիշե քեզ, դու ծաղկավետ գյուղիս ճամփան,
Ուր քալեինք գառնուկս ու ես` դեպի պուրակն ու բուրաստան`
անմեղության երազին պես…
Մին մագլցեր բլուրն ի վեր, մյուսը կիջներ ձորակեն վար,
Ուր ուռենին կուտար ստվեր և սրինգե իր երգը կուլար`
Զորս կընկնեին գարնան հովեր:
Հոն փակ թեև, սակայն աղվոր ու երփնագեղ իր հորիզոն
Անմեղությունը խայտար հոն` ճամփուն վրա ոլոր-մոլոր:

Ձմռան ալ երբ ձյունն սպիտակ կգտներ մեզ շուրջ թոնրին,
Անհետ կներ իր ծալքին տակ մեր հին գյուղի վտիտ ուղին,
Ինչպես վարդերն ու մանուշակ:
Տաշված քարե ուղիղ ճամփան կտանե զիս արդ դեպ ծովափ,
Կճմլվի հոգիս սակայն մտածումով մը հրատապ ու կթռչիմ
Հին մանկության: