Նամարդ մարդուն պետք է սպանել (Պատմում է հորեղբայրս՝ Զադոն)

Շատախը զինվում էր և պատրաստվում ինքնապաշտպանության: Զենքերը գնում էին ռուս գործարարներից, և հայ մարտական զինատար խմբերը Պարսկաստանի և քրդաբնակ գյուղերի միջով հասնում էին Վան, այստեղից Շատախ, Մոկս և Ոզմ: Ռուսական երեքգծանի ՄՈՍԻՆ հրացանը՝ 500 փամփուշտով գնահատված էր 15 Օսմանյան ոսկի: Գավառի ինքնապաշտպանության կոմիտեն Մուրադ պապիս պարտադրել էր 7 տղաների համար գնել 4 հրացան: Դրանց մեջ կար նաև “Մանիխեր” տիպի ավստրիական մի կարճ հրացան, որը գնահատված էր 20 ոսկի: Մի խոսքով Մուրադ պապիս հարկավոր էր 65 ոսկի: Ով կարող էր օգնել Մուրադ պապիս, եթե ոչ դեռ պատանեկան տարիներից իր հետ եղբայրացած քուրդ Հաջոն: Ի դեպ, անձամբ հիշում եմ Հաջոյին, որն հաճախ մեր տունն էր գալիս և որպես տան տեր նստում էր մեր սրահի կոճղերից մեկի վրա և կանչում մորս. “Զոզան քույրիկ, մի ձվածեղ սարքիր ուտենք”: Մայրս պատրաստում էր ձվածեղը և մատուցում նրան: Հաջոն խոսում էր նաև հայերեն՝ Շատախի բարբառով:
Հաջոն ուներ չորս արու զավակ, չորսն էլ ամուսնացած: Երբ մենք Հաջոյի տուն հասանք, շարունակում է Զադո հորեղբայրս, Հաջոյի երկու հարսներ, անմիջապես տազերով սառ ջուր բերին, լվացին մեր ոտները և ընթրիքի սեղանի մոտ հրավիրեցին մեզ:
Սովորության համաձայն Հաջոն առաջին օրը հարկ չհամարեց հարցնելու հյուրերի գալու պատճառը: Հաջորդ օրը, նախաճաշից հետո Հաջոն հարցրեց. “Մուրադ աղբեր, որ քամին է բերել քեզ մեր տունը”:
-Աղբեր Հաջո, փող է հարկավոր:
-Ինչքա՞ն:
-Վաթսունհինգ ոսկի:
-Ինչի՞դ է պետք 65 ոսկին, – ասում է Հաջոն զարմացած:
-Զենք պիտի առնեմ, զենք, քէնէ պախեմ, Աստծուց ինչխ պախեմ:
-Հա, խասկցա. զենք առնես, որ քրդին ու թուրքին սպանես:
-Աղբեր Հաջո. նամարդ մարդուն պիտի սպանենք՝ կուզես թուրք լինի, կուզես քուրդ:
Հաջոյին հաճելի թվաց Մուրադի պարզ և անթաքոյց պատասխանը և նա ոսկիներով լի ծանր քսակը դրեց Մուրադի առաջ.
-Վերցրու,- ասաց Հաջոն,- վերցրու ինչքան կուզես, տար զենք գնիր և սպանիր նամարդ մարդուն՝ կուզի թուրք լինի, կուզի քուրդ: