Միհրանցիները

Միհրանցիները վրանաբնակ, քոչվոր ցեղ էին: Պահում էին մեծ թվով ոչխար: Նրանց ոչխարի հոտերը ամեն տարի ձմեռային արոտի էին գնում Միջագետքում, իսկ ամառային ամիսներին մեր զովասուն լեռների բարձրադիր վայրերի արոտատեղերը, որի համար հարկ էին վճարում թուրք իշխանություններին:
Միհրանցիները սերտ կապեր էին պահպանում հայերի հետ: Յուրաքանչյուր միհրանցի կապված էր որևէ հայ ընտանիքի հետ, որպես իր ավանդական, «ազգակից»: Ամեն տարի նրանք այցի էին գալիս հայ «ազգակիցներին» նվերներով, այդ թվում մերձարևադարձային գոտու չորացրած մրգերով և հագուստեղենով: Հայերը միհրանցի բարեկամներին փոխհատուցում էին հացահատիկով, ընդեղենով, ընկույզով և այլն: Դա ապրանքափոխանակման մի պարզունակ ձև էր՝ առանց փոխադարձ պարտք-պահանջի:
Միհրանցիների ցեղապետ Իսվե Ռսպին իր ամենամյա տուրքը իշխանություններին էր փոխանցում Շատախի հայ ազգային գործիչ Հովսեփ Գարունյանի միջոցով, որին վստահված էր այդ պաշտոնը:
Սակայն 1915-ի մայիսին Շատախի հայությունը կենաց ու մահու պատերազմ էր մղում թուրք-համիդական ցեղասպանների դեմ, իսկ նույն ամսի 27-ին հերոսաբար զոհվել էր Հովսեփ Գարունյանը: Ահա թե ինչու Իսվե Ռսպին գերադասում էր իր ամենամյա տուրքը բաժին հանել Շատախի մարտնչող հայությանը:
Ինչ վերաբերում է մեր ընտանիքի միհրանցի բարեկամին, ապա նա այցելության եկավ մեր տուն և Մուրադ պապիս նվիրեց թանկարժեք ծիրանագույն մի կապա` կարմիր կոնտիկներով երիզված, և երեք տարին դեռ նոր բոլորած, սաթի նման սև արաբական զտարյուն մի նժույգ՝ ճակատը ճերմակ և առաջին ոտերը ծնկներից վար՝ նույնպես ճերմակ: