ՇԱՏԱԽԻ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ ԹԱՂ ԱՎԱՆԸ

Շատախի շրջկենտրոն թաղ ավանը գտնվում էր գավառի երեք գլխավոր ձորերի միացման հանգուցակետում՝ Տիգրիս գետի աջ ափին: Ավանի միջով հոսում, Տիգրիսին էր միանում Առնոսա սրընթաց և փրփրաբաշ գետը՝ ստեղծելով մի հմայիչ տեսարան: Ավանի թիկունքին բազմել էր պայտաձև և անտառապատ մի բարձունք, որը թվում էր թե մայրաբար իր գրկումն էր պահում հարազատ ավանը:
Թաղ ավանը զուտ հայաբնակ էր. ուներ 200 ծուխ՝ շուրջ 1000 բնակիչ: Բնակչության հիմնական զբաղմունքը ջուլհակությունն էր: Նրանք բրդյա գործվածքեղենի, բնական ներկերի պատրաստման անզուգական վարպետներ էին: Նրանց արտադրանքը լայն ճանաչում էր գտել միջազգային շուկաներում:
Ավանն ուներ մի եկեղեցի իր պարսպապատ գավիթով և երկու դպրոց:
Ջուլհակների արհեստագործական միությունն ուներ իր կանոնադրությունը, որի համաձայն արգելված էր այլազգիներից աշակերտ ընդունել և ուսուցանել: Արգելված էր առանձին վարպետներին առանց վարչության ստուգմանը արտաքին շուկա հանել սեփական արտադրանքը: Այս խստության նպատակն էր՝ չարատավորել ավանի ջուլհակների միջազգային համբավը՝ խոտան գործվածքեղենի արտահանումով:
Գավառի հայերը հիանալի երկրագործեր էին, անասնապահեր, մեղվաբույծներ. տիրապետում էին անասունների մի շարք հիվանդությունների բուժման գաղտնիքներին: Նրան օժտված էին ազգային խորը ինքնագիտակցությամբ. խիստ ավանդապահ էին՝ ազգային հավատքին անմնացորդ նվիրված. բնավորությամբ շիտակ, նաև ըմբոստ, զինասեր, համառ, և, միաժամանակ, բարի, անհիշաչար:
Արմենակ Եկարյանը վկայում է. “Շատախը Վասպուրականի Զեյթունն է՝ մաքուր և կտրիճ հայությամբ մը և, հետևաբար, միշտ փուշ թշնամու աչքին: Այդ ազնվական լեռնահայության ժողովրդական հերոսները ու գործիչները շատ շատ են՝ բոլորն ալ հարգանքի ու հիշատակության արժանի: Պատահական չէ, որ ինչպես սասունցիները Տարոնում, այնպես էլ շատախցիները Վասպուրականում վաստակել էին “ծուռ” անունը :