ՇԱՏԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Շատախի ինքնապաշտպանական գիծը սկսում էր Արտոսի լեռնանցքից, անցնում էր Շարուրա բերդով, Տիգրիս գետի ընթացքով մինչև գավառի հարավում ընկած Արմշատ Գյուղը: Պաշտպանական հենակետերն էին. Արտոսի լեռնանցքը, Փեսանդաշտը, Շարուրա բերդը, Տիգրիսի ափին ընկած Պոլս, Սոզվանց, Սպիտկին /Սպիտակին/, Արմշատ գյուղերը, գավառի կենտրոն Թաղ ավանը և Տիգրիսի կամուրջները:
Մոկաց Էմիր Մուրթուլաբեկի հետ կնքված էր նոր համաձայնություն, որով Էմիրը հանձն էր առնում. մարտական պատրաստի վիճակում պահել Մոկսի հայկական և քրդական մարտական խմբերը. կարիքի դեպքում թշնամու դեմ դուրս գալ միասնաբար: Արգելել թշնամու հարձակումը Շատախի վրա Մոկաց սահմաններից: Շատախի ինքնապաշտպանական ուժերի անհաջողության դեպքում՝ նահանջող հայ բնակչության ու մարտական ուժերին ապաստան տալ Մոկսում:
Փեսադաշտը վերածվում է պաշտպանական ինքնուրույն կենտրոնի, որի համար առանձնացվում է 85 ռազմիկ, որից տեղի ուժերը՝ 40 հոգի, Մեսրոպ Ջանոյանի հրամանատարությամբ, Միհրան Զաթոյանի մարտական խումբը՝ 20 հոգի, Բազիկ Պետրոսյանի մարտական խումբը՝ 25 հոգի:
Փեսադաշտի լեռնահովիտը /Պատմական Բուժունիք/ շրջապատված էր Արտոս, Ձմեն, Կարաբլախ, Բարադոտիկ գագաթներով: Լեռնահովիտում կային 4 գյուղ. Առեղ, Կայնեմերան, Շիդան, Կառազիս, որոնք միասին վերցրած ունեին 112 ծուխ և զբաղեցնում էին 120 քառակուսի կիլոմետր տարածք:
Լեռնահովիտում ստեղծված ինքնապաշտպանական ինքնուրույն շտաբը գլխավորում էին Խարականց գյուղացի Լևոն Շաղոյանը և Ընձակ գյուղացի Ասպո Գրիգորյանը: Շտաբի կազմում ընտրվեցին նաև Մկրտիչ Մանուկյանը՝ Կարկառի Հաղթ գյուղացի, Արշակ Ալավերդյանը՝ Կարկառի Եղեգիս գյուղացի, Միհրան Զաթոյանը՝ Շատախի Կաճեթ գյուղացի:
Այսպիսով Շատախի հայությունը Գավաշից և Կարկառից եկած 75 ռազմիկների հետ միասին թշնամու վեց հազարանոց թուրք-համիդական ելուզակների դուրս էին բերում ընդամենը 526 ռազմիկ, որոնք հիմնականում զինված էին ռուսական “ՄՈՍԻՆ” տիպի հրացաններով և, մոտավոր հաշվով, ունեին ոչ ավելի 60 հազար փամփուշտ:
Ապրիլի 10-ին ոստիկանությունը ձերբակալում է գավառի աչքի ընկնող 6 ղեկավար գործիչների, այդ թվում նահանգային ժողովի անդամ Հովսեփ Զոլոյանին, որի մոտ հայտնաբերվում է հայկական մարտական խմբերի ցուցակն ու նրանց զենքերի և փամփուշտների մասին տվյալները: Գավառապետ Համդի բեյը կտրուկ պահանջում է հանձնել հայտնաբերված զենքերն ու փամփուշտները: Դրան հակառակ ինքնապաշտպանական շտաբը պահանջում է կալանքից ազատել կալանավորված ազգային գործիչներին: Կողմերի հակադիր պահանջները արդյունք չեն տալիս: Դրությունը մնում է լարված:
Ինքնապաշտպանական շտաբի որոշմամբ, հայկական մարտական ուժերը, թշնամուն չպիտի զիջեին ոչ մի գյուղ, ոչ մի թիզ հող: Բացառություն էին կազմում Տիգրիսի ձախ ափին եղած 8 գյուղերը, որոնք կանոնավոր զինված չէին և շրջապատված էին քրդական գյուղերով: Այստեղ Հակոբ և Մանուկ Աղեկյան եղբայրներին հաջողվում է իրենց 12 ռազմիկներով և աննշան կորուստներով հայ բնակչությանը դուրս բերել շրջապատման վտանգավոր գոտուց և փոխադրել Տիգրիսի աջ ափը:
Ծանր վիրավորված Հակոբ Աղեկյանին հաջողվում է թաքնվել գետափնյա մի քարայրում, ուր նա կորցնում է նաև իր տեսողությունը: Լազգոյի հետապնդող ելուզակները թափանցում են նրա թաքստոցը և սպանում նրան: Բայց 8 գյուղերի հայությունը փրկվում է բնաջնջումից:
Ապրիլի 13-ի լույս գիշերվա ընթացքում, Շատախի մարտական ուժերը անսպասելի գրոհներով ոչնչացնում են հայկական գյուղերում հիմնված թշնամու բոլոր պահակակետերն ու ոստիկանական ուժերը: Կտրում են գավառը Վանի հետ կապող հեռախոսագծերն ու սյուները. քանդում են Տիգրիսի փայտյա կամուրջները, փակում են հաղորդակցության ուղիները, խզում են հաղորդակցության բոլոր միջոցները՝ Շատախի ու Վանի թուրքական ուժերի միջև: Նույն ապրիլի 13-ի լուսաբացին Տիգրիսի աջ ափի երկարությամբ հայկական ուժերը գրավում են իրենց դիրքերը և իրենց ձեռքն են վերցնում Քարե դաշտից մինչև Փեսադաշտն ընկած ճանապարհները, որով ինքնապաշտպանական ուժերը ձեռք են բերում դիրքային առավելություն: Հայկական դիրքերի պայտաձև կորագիծը ձգվում էր ավելի քան 80 կիլոմետր:
Տենդագին գործունեություն է ծավալվում ինքնապաշտպանության գործը առաջ մղելու ուղղությամբ, որին մասնակցում էին թե անզեն տղամարդիկ, թե կանայք, թե երեխաները: Եկեղեցու գավիթը վերածվում է վառոդի արտադրության, թշնամու արձակած գնդակների կապարը և հայ ռազմիկների օգտագործած գնդակների պարկուճները հավաքելու և վերարտադրելու զինանոցի: Կանայք և անզեն տղամարդիկ կառուցում էին միջդիրքային հաղորդակցության ուղիներ, փորում էին խրամատներ: Դարբին Կարապետ Դուդոյանի գլխավորությամբ և նրա որդիներ Բաղդիկի և Աբրահամի ջանքերով ապրիլի 30-ին պատրաստվում է մի թնդանոթ, որի զարկից ավերվում է թշնամու դիրքերը: Մի շաբաթ անց կառուցվում է երկրորդ թնդանոթը: Բայց վառոդի պակասության պատճառով չի օգտագործվում: Ամիս ու կես տևող ռազմական սուր բախումներից հետո թշնամուն չի հաջողվում ընկճելու Շատախի հայության հերոսական ոգին, որով փրկվում է Շատախի հայությունը և գավառում ապաստան գտած 20 հազարից ավելի հայ գաղթականությունը՝ ցեղասպանությունից:
Մարտական գործողությունների ընթացքում հայերն ունեցան 48 զոհ, իսկ թշնամին կորցրեց ավելի քան երկու հազար թուրք-համիդական խաժամուժ:
Անգնահատելի է Փեսանդաշտի հայության հայրենասիրական բացառիկ հոգատարությունը այս գավառամասում ապաստան գտած նահանգի 15 հազարի հասնող թշնամու սրից մազապուրծ փախստական հայերի նկատմամբ: Սրանք Հայոց ձորի, Արճակի, Գավաշի և Կարճկանի հրի ու սրի մատնված, կողոպտված գավառների բեկորներն էին, ովքեր հրաշքով կարողացել էին հասնել Փեսանդաշտ: Սրանց խնամելու և կերակրելու համար Փեսանդաշտի չորս գյուղերի 112 ընտանիքներն իրենց վրա են վերցնում այս հոծ բազմությանը տեղավորելու, կերակրելու և թշնամու սրից պաշտպանելու վսեմագույն պարտականությունը: Այս իսկ նպատակով փեսանդաշտցիները հանրայնացնում են իրենց ոչխարների հոտերը: