ՄԵՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳԱՂԹԸ ՇԱՏԱԽԻՑ

Այժմ վերադառնանք մեր հիշողության ամենատխուր պահերին, մեր գաղթի պատմությանը հայրենի եզերքից:
1915-ի ամառն էր. անթել հեռագիր էր ստացվել Արամ Մանուկյանից, որ Վանն ու շրջակա գյուղերը, հետևելով ռուսական նահանջող զորքերին, զանգվածաբար հեռացել են իրենց հայրենի բնօրրաներից և բռնել Անդրկովկաս բռնող ճանապարհը: Տեղեկություններ կային, որ գաղթել է նաև Թաղ ավանը:
Այսպիսով Շատախը մնացել էր մենակ ու կտրված իր նահանջող գլխավոր քարավանից: Բայց ինչպե՞ս գնալ, ինչպե՞ս արմատից կտրել, արմատահան անել շատախցուն: Ո՞ւմ թողնել Շատախցու սրբազան լեռը, Առնոսը, նրա լանջերից վազող շողարձակ գետերն ու աղբյուրները, նրա փրփրաբաշ Սպիտակ ակն ու ջրվեժը, նրա քարացած քափանակակիր հովիտը, զույգ շներն ու ոչխարի հոտը, նրա անուշաբույր ծառն ու ծաղկունք, գինարբուքն ու շուշանը, սուսամբարն ու բարբուզնակը:
Սակայն ելք չկար: Կացությունը ստիպում էր բաժանվել բնօրրան դրախտավայրից: Որոշվեց գաղթն անցկացնել զինված պաշտպանությամբ: Հենց այդ պահին հնչեցին Երեքխորան եկեղեցու զանգերը: Բնակչությունը շտապեց եկեղեցի: Մարդիկ, ինչպես միշտ, չոքած աղաչեցին Բարձրյալին, որ իրենց սրբությունները չդառնան շան բաժին: Հարազատ եկեղեցուց բաժանվելը տեղի ունեցավ անհուն կսկիծով: Մարդիկ համբուրում էին եկեղեցու պատերը, բեմն ու դուռը և արցունքով ողողում սրբատաշ քարերը:
Երեկո էր: Մարդիկ ունեցվածքը դժվարությամբ բարձում էին բեռան անսովոր խոշոր եղջրավոր անասունների վրա: Գյուղից դուրս բերեցին նաև ոչխարի հոտերը: Մեր տնեցիները անասունների վրա բարձին նաև չուռի մսով պատրաստված ղաուրման: Շատերը հրկիզում էին հարազատ օջախները, որպեսզի թշնամուն ոչինչ չմնա:

Ծանոթություն
1Առնոսա լանջին, սպիտակ ական մոտ կա ապառաժից կերտված մի հովվի արձան, հովվական ցուպը ձեռքին, երկու շները ոտքերի մոտ և ստորև փռված ոչխարի հոտը՝ նույնպես քարակերտ: Ըստ ավանդության, հովիվն իր ծարավ հոտը այստեղ է բերել, երբ չի եղել Սպիտակ ակն: Հովիվը խնդրում է իր տիրոջը ջուր տալ իր ծարավ հոտին՝ խոստանալով մատաղ անել թուխ մաքին: Բայց հովիվը դրժել է իր խաստումը և տերը նրան պատժել է քարացնելով:

Մերոնք արաբական նժույգին նստացրին Խամբեկ տատիս, իսկ լկամը իր ձեռքն էր պահում պուլո աղջկա եղբայր Սերոբը: Տնեցիներից յուրաքանչյուրը մի բան շալակած գնում էր:
Արդեն գիշեր էր, երբ հասանք քեռանցս Ծիծանց գյուղը: Թեթև ընթրիքից հետո գիշերն անցկացրինք այստեղ:
Վաղ լուսաբացին քեռի Կիրակոսը նստեց տան հատակին և՝ ոտերը պարզելով, շշնջաց. «Թողեք վերջին տիր /անգամ/ ոտերս պարզեմ տանս տախտին /հատակին/, կարոտս առնեմ»: Կրտսեր քեռիս, 16-ամյա Սեթը, որ հերոսամարտի օրերին մարտական խմբի հրամանատար էր, ասաց. «Կիրակոս աղբեր, մենք Շատախը ետ կխլենք, չենք թողնի թշնամուն»:
Գյուղի քահանան՝ Տեր Ղևոնդը, մաուզերով զինված՝ մի ձեռքին խաչ, մյուսին՝ Ավետարան, առաջնորդում էր գյուղի գաղթը: Մի օր անց մենք անցանք Հայոց ձորն, ապա Շամիրամա առուն և հայտնվեցինք Վարագա լեռան դեպի Վանա լիճը ձգվող լեռնաթևի վրա, որն աստիճանաբար իջնելով՝ խրվում էր Վանա լիճ՝ ստեղծելով մի հիասքանչ թերակղզի: Հենց այս թերակղզու վրա էլ հիմնված էր անուշաբույր և անուշահամ խնձորենիների հռչակավոր Ախթամար գյուղը: Վարագա լեռնաթևի վրա, ուր մենք կանգնած էինք, նաև այն վայրն էր, ուր Զերվանդանց գյուղում ապրած տարիներին հենց այստեղ արածացնելու էինք բերում մեր անասուններն ու նժույգը, և հիշողությանս մեջ անջնջելի էր մնացել՝ մթության մեջ մոմի նման վառվող, բայց դրան մոտենալիս՝ անմիջապես հանգչող, հրաշք բույսը:
Մի օր անց մենք Վանումն էինք: Քաղաքն ու շրջակա գյուղերը դատարկ էին: Սոսկալի էր տեսնել, որ երբեմնի շեն և բանուկ քաղաքում իշխում էր մահվան լռությունը: Շատախցիների քարավանը՝ զինված պաշտպանությամբ, շարժվեց դեպի Բանդումահի /պատմական Առբերանի/ կիրճը: Այստեղ հանդիպեցինք գլխավոր քարավանից ետ մնացած մի խումբ մարդկանց. տղամարդ, կին, երեխաներ, ովքեր՝ նկատելով կիրճով անցնողների ճակատագիրը, չէին համարձակվել անցնելու գետը: Այդ ընթացքում նաև վարարել էր գետը, դուրս եկել ափերից և քշել, տարել էր կամուրջը և մարդիկ անորոշության մեջ սպասում էին, որ Տերը փրկության մի դուռ բացի իրենց համար:
Փաստերը վկայում են, որ ռուսական բանակը Վանից “նահանջել” է առանց որևէ պատճառի: Հայ բնակչությունը ստիպված հետևել է ռուսական բանակին և դատարկել հարազատ վայրերը: Ահա թե ինչու Արամ Մանուկյանը ստիպված հեռագրել էր շատախցիներին. «Անհապաղ գալ և միանալ ընդհանուր գաղթին»:
Ավելորդ զոհերից զերծ մնալու նպատակով՝ Շատախի պետերը նախընտրում են իրենց հետ վերցնել նաև Վանի քարավանից ետ մնացողներին և Կոթուրի կիրճով շարժվել դեպի Սալմաստ:
Սալմաստը հայկական գավառ էր՝ բացառությամբ Դիլման քաղաքից, ուր ապրում էին պարսկահպատակ ազերիները:
Սալմաստի հայությունը բացառիկ հոգատարություն ցուցաբերեց իր բնավեր հայրենակիցների նկատմամբ: Գավառապետ Սողոմոն Մելքոնյանը անձամբ գլխավորում էր գաղթականությանը գյուղերի վրա բաշխելու և սատար կանգնելու գործը: Ի դեպ, Սալմաստի Փայաջուկ գյուղը նշանավոր է դրանով, որ այստեղ է ծնվել Հակոբ Միրզոյանը՝ հռչակավոր և հանճարեղ վիպասան, մեծ հայրենասեր, իշխանազուն՝ Րաֆֆին:
Մեր ընտանիքին բնակարանով ապահովեցին Մալհամ գյուղում: Գաղթի ճամփին վախճանվել էին անուշիկ քույրիկս՝ Լուսիկը, պատվական տատս՝ Մսրեն, հորեղբորս Օհանի կին Հառնանցին և նրա 3 տարեկան որդին՝ Վազգենիկը:

________________________________

Դուրս գալով մահվան ձորից, լեռնանցքում գտանք Մուրադ պապիս արտասվաթոր աչքերով մեզ սպասելիս: Մենք գրկախառնվեցինք: Պապս համբուրեց մորս ճակատը: Սակայն մտահոգ էինք և տխուր, քանի որ հնարավոր չեղավ ճշտել թե ուր մնացին Պուլո աղջիկը, նրա եղբայր Սերոբը, արաբական նժույգը և դրա վրա նստած շատ սիրելի Խամբեկ տատիկս: Մի բան միայն պարզ էր, որ նրանք դեռ չեն անցել. եթե անցած լինեին, մորս հետ կհասնեին լեռնանցքը:
Եվ այսպես մտահոգ լեռնանցքից շարժվեցինք դեպի Սալմաստի հովիտը: Գիշեր էր, երբ հասանք Եզդիքանդ գյուղը: Այստեղ մի մեծ կաթսայում եփվում էր չորս մասի բաժանված մի ոչխար: Սոված էինք: Բայց պապս արգիլեց մեզ ուտել. “Գուցե թունավորվ՞ած է, եթե չմեռա, հետո դուք էլ կուտեք”:
Ի վերջո համոզվեցինք, որ միսը թունավորված չէ, սկսեցինք ուտել:
Գիշերն անցկացրինք Եզդիքանդում: Լուսաբացին շարժվեցինք դեպի Մալհամ գյուղը: Մեր ճանապարհը ծածկված էր հայ ռազմիկների կողմից ոչնչացված ելուզակների դիակներով: Ի վերջո հասանք Սալհամ գյուղը: Մի քանի օր անց պապս օրհնեց, գրկեց, համբուրեց բոլորիս և ասաց. “Վաղվա արևի լույսը ես չեմ տեսնելու”: Մենք հեկեկացինք: Պապս սաստեց մեզ և խնդրեց մորս կատարել իր գիտեցած բոլոր երգերը: Մայրս սիրով կատարեց նրա պահանջը՝ երգերին խառնելով իր վիշտն ու հուզմունքը:
Լուսաբացին Մուրադ պապս ավանդել էր հոգին: Նրան հողին հանձնեցինք գուրգուրանքով իր երկու որդիների գերեզմանների միջև ազատ թողնված հողաթմբում:

_________________________________

Նահանջի ճանապարհին լինում էին դեպքեր, երբ հարազատները կորցնում էին միմյանց: Նման մի փորձանքի մեջ էր հայտնված նաև քեռի Կիրակոսի երեքամյա որդին՝ Անդրանիկը: Որոնումները ոչ մի արդյունք չէին տվել: Հետնապահ գնդի հեծյալ Հրաչյա Թովմասյանը, որն զգուշացնում էր մարդկանց՝ շտապել միանալու գաղթի ընդհանուր քարավանին, հանկարծ մանկան լացի ձայն է լսում: Թովմասյանը մոտենում ու նկատում է թփութի տակ կծկված փոքրիկին և գուրգուրանքով գրկում է նրան ու տեղավորում թամբից կախված իր խուրջինում:
-Անունդ ի՞նչ է,- հարցնում է Թովմասյանը:
-Անդրանիկ,- լինում է պատասխանը:
Հրաչյա Թովմասյանը հույս ունե, որ շուտով գտնելու է Անդրանիկի հարազատներին: Սակայն նրա որոնումները արդյունք չտվեցին, քանզի Անդրանիկի ծանր հիվանդ հայրը՝ չդիմանալով մինուճար որդու անհայտացմանը, վախճանվել էր գաղթի ճանապարհին: Անդրանիկի մայրը, դեռ գաղթից առաջ, արևը բաշխել էր իր մինուճար Անդրանիկին: Կրտսեր հորեղբայր Սեթը Սմկոյի ելուզակների դեմ մարտնչելիս՝ ընկել էր քաջի մահով: Անդրանիկի կենդանի մնացած Մարկոս հորեղբայրը՝ զենքը ձեռքին, մարտնչում էր Կոթուրի կիրճի ձախթևային բարձունքի պաշտպանության մատույցներում:
Թովմասյանին մնում էր մի ելք, շարունակել Անդրանիկի խնամքը: Եվ այսպես, մինչև Համադան, այնտեղից էլ Նահրումար անապատը, որը տևում է 2 տարի:
Շուտով այստեղ են հասնում Մելքոնյան Հաստատության գործակալները, ովքեր որբ և անպաշտպան երեխաներ էին հավաքագրում Մելքոնյան Հաստատության խնամքին հանձնելու համար: Հրաչյա Թովմասյանը Մելքոնյան գործակալներին է վստահում արդեն հինգ տարին բոլորած իր որդեգիր Անդրանիկին:
Պարզվում է, որ Մելքոնյան Հաստատության խնամքին էր վստահված նաև քեռիներիս ազգական Պետրոս Մարտիրոսյանը, որն անձամբ ճանաչում էր Անդրանիկին, տեղյակ էր նրա կորելու պատմությանը: Եվ ահա նրա միջոցով ստանում ենք “կորած” Անդրանիկի մասին ուրախալի լուրը:
Տեր և Տիկին Մելքոնյանները ժառանգ չունեին. ուստի իրենց կուտակած պատկառելի հարստության օրինական ժառանգ էին համարում հայ անապաստան որբերին և հայ ազգը՝ ընդհանրապես:
Մելքոնյան Հաստատության և նրա գործակալների ջանքերով արաբների, անգամ քուրքերի տներից հավաքվում ու Կիպրոս են փոխադրում շուրջ 15 հազար որբ և անապաստան երեխաներ, որոնց լիովին ապահովում էին վայելուչ հագուստ-կապուստով, բարձրորակ սնունդով և ուսուցողական ընտիր պարագաներով:
Որբերի կրթության գործը օրինակելիորեն կազմակերպելու նպատակով հրավիրվում են հանրաճանաչ և հմուտ մանկավարժներ: Հայոց լեզվի անթերի ուսուցման հետ համընթաց, հիմք է դրվում նաև անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի համակոմանի ուսուցումը: Վարժարանը գերազանց ավարտողներին Մելքոնյան Հաստատությունը գործուղում էր Եվրոպայի տարբեր երկրների բարձրագույն ինստիտուտներում ուսումը շարունակելու՝ ապահովելով նրանց բարձր կրթաթոշակներով՝ մինչև բարձրագույնն ավարտելն ու աշխատանքի անցնելը:
Միջակ սովորողների համար, միջնակարգն ավարտելուց հետո, կազմակերպվում էր արհեստների ուսուցումը: Տղաների և աղջիկների ամուսնության դեպքում, Հաստատությունը նրանց ապահովում էր օժիտով:
Անձնական ավելորդ ծախսերից խուսափելու նպատակով Տեր և Տիկին Մելքոնյանները սահմանել էին իրենց ամսական ծախսերի չափը: Եթե որբ երեխաների նկատմամբ Հաստատությունը ցուցաբերում էր առատաձեռնություն, ապա իրենց նկատմամբ՝ խստագույն խնայողություն: Բացի որբերից Տեր և Տիկին Մելքոնյանները իրենց ունեցվածքից բաժին էին հանել նաև Հայաստանին և դրա հաշվին հատուկ, թանկարժեք բժշկական և այլ գործիքներ էին գնում և ուղարկում հայրենիք: Այսպիսով, Տեր և Տիկին Մելքոնյանները անձնավորում էին բարության, հայրենասիրության և առաքինության անգնահատելի մարմնավորումը: Նրանց անունը և շողշողուն հիշատակը ոսկե տառերով պետք է արձանագրվի մեր ժողովրդի տարեգրության էջերում:

_________________________________

1930-ին Անդրանիկը գերազանց գնահատականով ավարտում է Մելքոնյան վարժարանը՝ տիրապետելով նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: Անդրանիկը վճռում է ուսումը շարունակել Երևանում: Նրան հաջողվում է համոզել և իր հետ Հայաստան բերել նաև Մելքոնյան Վարժարանն գերազանց ավարտած հայ վեց այլ գերազանցիկների:
Մինչ այդ Անդրանիկը նախ լինում է իմ գրասենյակում: Չհանդիպելով ինձ՝ հայտնում է, որ գնալու է Լուսժողկոմատ: Երբ ես իմ գրասենյակը վերադարձա, քարտուղարուհին զեկուցեց. «Արտասահմանցի մի երիտասարդ՝ շիք հագնված, փողկապ կապած, քեզ էր հարցնում: Գնալիս հայտնեց, որ ինքը լինելու է Լուսժողկոմատում: Առանց հապաղելու շտապեցի հասնել Լուսժողկոմատ: Ժողկոմ Արտո Եղիազարյանը հայտնեց. «Կարգադրել եմ Մելքոնյան սաներին Համալսարանի ցանկացած բաժնում ընդունել առանց քննության»:
Ժողկոմը՝ դառնալով ինձ, հարցրեց. «Անդրանիկը քո ի՞նչն է»:
-Եղբայրս է,- պատասխանեցի ես: Հենց այդ օրվանից էլ Անդրանիկը արդեն իմ եղբայրն էր:
Ի հարգանս իր փրկարար Հրաչյա Թովմասյանի, Անդրանիկն իր հայրական “Բասեյան” անվան փոխարեն ցմահ պահպանեց Թովմասյան ազգանունը:
Երևանում Անդրանիկը նախընտրում է ուսումը շարունակել Էլեկտրաքիմիական բաժանմունքում, իսկ ընկերներից յուրաքնչյուրը կատարում է իր ընտրությունը ըստ նախասիրության:
Լուսժողկոմատից շտապեցի Պետական Համալսարան: Այստեղ Մելքոնյան 7 սաներին գտա “ճաշելիս”: Եվ ի՞նչ. նրանք ուտում էին սև հաց և խմում՝ թեյ: Պարզվեց, որ սրանք բավարարվում էին այս համեստ սնունդով, որպեսզի մեծապատիվ բարերար Մելքոնյանին ավելորդ ծախսերի տակ չգցեն: Այնինչ Մելքոնյան Հաստատությունը Լուսժողկոմատի հասցեով փոխանցել էր նրանց հասանելիք առատաձեռն կրթաթոշակները:
Ես տարակուսանքով նայում էի Մելքոնյան սաներին. «Ո՞րն է իմ եղբայրը», երբ սրանցից մեկը ոտքի կանգնեց և գոչեց. «Դու Հայրիկը չ՞ես»: Եվ մենք ցնծության արցունքներով գրկախառնվեցինք:
Անդրանիկի հետ ապրեցինք մինչև նրա համալսարան ավարտելը: Ապրում էինք Էնգելսի փող. 25 տան երկրորդ հարկում: