«ԲԱՐԻ ՌՈՒՍ»

Մալհամ գյուղում մեզ նաև նպաստ էին տալիս: Նպաստ մատուցողը զինվորական շինելով մի բարեհամբույր երիտասարդ էր: Երբ այցելում էր տները, չէր կարողանում հայերեն արտասանել «Բարի լույս» ողջույնը և ուղղակի ասում էր. «Բարի ռուս»: Եվ նրա անունը կնքվեց. «Բարի ռուս»:
Տուն մտնելու պես «Բարի ռուս»-ը ցուցամատով հաշվում էր, թե քանի անձ են ապրում տվյալ տանը և ամենաչնչին՝ հինգական ռուբլի, թողնելով՝ գնում էր: Եվ այսպես ամեն օր:
Մալհամ գյուղում վախճանվեց նաև հայրս՝ Մանուկը և հորեղբայրս՝ Օհանը: Պապս պահանջեց. հողին հանձնվող երկու հանգուցյալների միջև մի գերեզմանի տեղ թողնել իր համար:
1916-ի գարնանը լուր ստացվեց, որ ռուսական զորքերը վերագրավել են Վանը: Սալմաստում ապաստան գտած հայերը վերադարձան Վան և հաստատվեցին քաղաքում ու շրջակա գյուղերում: Վան վերադարձան նաև Անդրկովկասում տեղավորված վասպուրականցիներից շատերը: Նահանգում կենտրոնացավ շուրջ 30 հազար հայություն, այդ թվում նաև Մոկսի, Ոզմի, Կարկառի, Շենձորի և Սպարկերտի հայերը:
Շատախն ու նշված մյուս գյուղերը հայտարարված էին չեզոք գոտի: Այս պատճառով էլ երկիր վերադարձող հայերը տեղաբաշխվեցին Վան քաղաքում և շրջակա գյուղերում: Մեզ բաժին ընկավ քաղաքից մոտ երկու կիլոմետր հեռու Զերվանդանց գյուղը: Այստեղ մեր ընտանիքին հատկացրին մի ընդարձակ մրգատու այգի՝ շրջափակված վարդերի խիտ և անանցանելի ցանցով: