ՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Զերվանդանց գյուղում հիմնվելուց հետո 13 հոգուց կազմված պատանիների մեր խումբը՝ մահակներն ուսած, ամեն օր գալիս էինք Վան սովորելու: Մեզ առաջնորդում էր բոլորիս կողմից սիրված Հովնան Խաչատրյանը՝ բնավորությամբ շիտակ, բարի, հնարամիտ և խիզախ մի անձնավորություն: Հովնանը օժտված էր մի հիանալի ձայնով /թենոր/: Սիրում էր կատարել, հատկապես, հայրենասիրական երգեր: Նրա կատարած «Մայր Արաքսի ափերով» երգը անջնջելի տպավորություն էր թողնում մեզ վրա: Ուսման մեջ նույնպես Հովնանը առաջնակարգ տեղ էր գրավում: Լավագույն սովորողներից էին նաև Հակոբ Մանուկյանը և Պետրոս Բազիկյանը /Բազկե Պետրոս/:
Մեր դպրոցը գտնվում էր Վանի Քյանդրիչի փողոցում: Դասավանդում էին պարոն Բարունակը /Բարունակ Կապուտիկյան/՝ մեր հայրենակից՝ Կապուտիկյանի հայրը: Բարունակը մեզ ավանդում էր հայոց լեզու:
Մեր կարկառուն դասատուներից էր Մատիր Խերանյանը՝ մեր օրերի տաղանդավոր բանաստեղծ Մկրտիչ Խերանյանի հորեղբայրը: Մ. Խերանյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ էր: Կարող էր անգիր քարտեզագրել յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ծովի, օվկիանոսի, կղզու, թերակղզու տեղագրական պատկերն ու տարածքը: Կարելի է ասել, որ Մատիր Խերանյանը ապշեցուցիչ հիշողություն և պայծառամտություն ուներ: Մեր թվաբանության դասատուն էր պարոն Գեղամը, որ մեզ հետ անցնում էր թվաբանական չորս գործողությունները:
Մեզ համար շատ սիրելի էր մեր երգեցողության դասատու պարոն Սենեքերիմը, որից սովորել ենք թե հայրենասիրական, թե Վանի ու շրջակայքի ազգագրական երգերը:
Եվ այսպես, մինչև մեր գաղթն սկսելը, շուրջ երկու տարի, Վանի դպրոցում սովորեցինք ազատ գրել և կարդալ: