ԱՍՈՐԻ ՏՂԱՆԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՃԱՄՓԱՆ

Երբ անցնում էինք Վան քաղաքը Սղքը գյուղից բաժանող պարսպի ելքից, մի խումբ ասորի տղաներ փակեցին մեր ճամփան և կտրուկ խնդիր դրին. «Մինչև ձեզ լավ չծեծենք, թույլ չենք տա, որ անցնեք»:
Հովնանը մոտեցավ նրանց և հարցրեց. «Ինչու՞ եք որոշել, որ անպայման մեզ ծեծեք»:
-Դուք վատ բան եք ասել մեր աղջիկներին:
-Մենք վատ բան չենք ասել ձեր աղջիկներին:
-Դուք մեր աղջիկներին ասել եք. «եօթ ֆատ մատ»:
Հովնանը ժխտեց այդ պատճառաբանությունը և ավելացրեց. «Դե ինչ, եթե որոշել եք, որ անպայման կռվենք, եկեք ճշտենք մեր ուժերը»:
-Բազո -ասաց Հովնանը, -դու չեզոք մնա, որ մենք էլ մնանք 12 հոգի, ասորիներն էլ: Մենք բոլորս էլ մահակներով ենք, ասորիները՝ բռունցքով: Ուրեմն եկեք մեր մահակներից վեցը տանք ասորիներին, վեցը՝ մնա մեզ:
Այդպես էլ արվեց. «Դե հիմա եկեք սկսենք կռիվը»:
Ասորի տղաների ղեկավարը, որը զարմանքից քար կտրած հետևում էր Հովնանի արարքին, մոտեցավ նրան, ջերմորեն սեղմեց նրա ձեռքը և նրանք եղբայրաբար գրկախառնվեցին: