ՎԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Սալմաստից վերադառնալուց հետո մեզ հայտնի դարձավ, որ ռուսական բանակը մոտ երկու ամիս պարենամթերք չի ստանում: Զինվորներն ստիպված գյուղերն ընկած մուրացկանությամբ են զբաղվում: Հրամանատարության բողոք զեկուցագրերը տեղ չեն հասնում:
Այս եղելությունը, ինչ խոսք, չարամտորեն ստեղծել էին ռուսական կայսրության ծպտյալ թշնամիներն, որպեսզի բորբոքեն ռուս զինվորականությանը սեփական պետության և, ինչ խոսք, նաև հայ բնակչության դեմ: Հայերն, ընդհակառակը, ռուս զինվորականությանը նայում էին որպես փրկարարների և չէին կարող անտարբեր մնալ նրանց նկատմամբ: Ահա թե ինչու հայերն սկսում են իրենց հարկերի տակ ընդունել ռուս զինվորներին և նրանց հետ կիսել իրենց հացն ու աղքատիկ կերակուրները:
Շուտով Սալմաստից եկած հայերը «Բարի ռուսից» օգնության կարգով ստացած գումարներով սկսեցին հարևան քրդերից հացահատիկ և մսացու կենդանիներ գնել թե՝ իրենց, թե ռուս զինվորականության պարենավորման համար: Այս եղելության պայմաններում բնական է, որ կոփվելու էր հայ բնակչության և ռուս զինվորականության բարեկամությունն ու եղբայրությունը:
Այս դեպքերից մոտ ամիս ու կես անց տեղ հասավ նաև ռուսական հրամանատարության բողոք զեկուցագիրը: Վերականգնվեց ռուսական զորքերի պարենային մատակարարումը: Ըստ որում, մատակարարումը կատարվում էր նաև անցած, բաց թողնված ամիսների համար:
Այս եղելությունից հետո ռուս զինվորները՝ ամեն անգամ ճաշելիս, փնտրում և իրենց սեղանին մասնակից էին դարձնում նաև հայերին:
Հուշերիս մնացած մասը հանգամանորեն շարադրված են «Էջեր հայ ժողովրդի հերոսական անցյալից» աշխատության «Մարտական նահանջ» բաժնում: