ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1917-ի փետրվարին ռուսական բանակը շտապում էր դեպի տուն. գնում էր տապալելու ցարիզմը: Վանից հեռանալիս ռուսական բանակի հրամանատարությունը հայերին հանձնեց իր ունեցած զենքի, զինամթերքի, հանդերձանքի և պարենամթերքի պաշարները:
Վանում մնացած հայ ազգային գործիչները Կոստին Համբարձումյանի ղեկավարությամբ 1918-ի հունվարի 6-ին հռչակում են Վանի հայության անկախությունն ու ստեղծում ժամանակավոր կառավարություն:
Հայկական զինված ջոկատները ուղեկցում են Ռուսաստան մեկնող ռուսական զորքերին, մինչև Երևան հասնելը անցկացնում վտանգավոր տեղանքից:
Մարտի 7-ին կովկասահայ 5-րդ գնդի մնացորդներից 400 հոգի, գնդապետ Պողոսյանի գլխավորությամբ, լքում են իրենց դիրքերը և «կորչի պատերազմը» կարգախոսի նշանաբանով պատրաստվում են գնալ տուն:
Պողոսյանի հակահայրենասիրական հովերով չտարվեցին մի խումբ հայրենասեր սպաներ, այդ թվում Համբարձում Մելքումյանը, Տիգրան Ժամհարյանը, Միշա Գասպարյանը և հարյուրի չափ շարքային զինվորներ:
Վանի ժամանակավոր կառավարությունը հայտարարում է 20-35 տարեկան տղամարդկանց զինակոչ: Մարդիկ զանգվածաբար կամավորագրվում էին: Կովկասահայ 5-րդ գնդի սպաները զբաղվում էին նորեկների զինավարժությամբ: Կարճատև պարապմունքներից հետո, զինվորները խումբ առ խումբ գնում և ամրանում էին Ոստանի և Առնիսի ձյունածածկ դիրքերում:
1918-ի հունվարի վերջերին, բացի կովկասյան 5-րդ գնդից, զենքի տակ էր կանչված երկու հազար մարդ, որից 200-ը՝ հեծյալ: Սրանք բաժանված էին երկու գնդի, առաջինը՝ հազար հետևակ, երկրորդը՝ 800 հետևակ՝ երկու հարյուր հեծյալ զինվորներով: Առաջին գունդը Լևոն Շաղոյանի, Տիգրան Ժամհարյանի հրամանատարությամբ ամրացված էր Ոստանի պաշտպանական հատվածին, երկրորդը՝ Միշա Գասպարյանի և Համբարձում Մելքումյանի հրամանատարությամբ Բերկրի Սավալուի պաշտպանական հատվածին: Կովկասահայ 5-րդ գնդին հանձնված էր Արճեշ- Առնիսի պաշտպանությունը:
Թուրքական զորքերի առաջին հարձակումը հաջողությամբ ետ է մղվում:
Թուրքական զորքերի երկրորդ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Էրզրումը, Տարոնն ու Սասունը արդեն թշնամու ձեռքումն էին: Դա հնարավորություն էր ընձեռնում գրաված բոլոր շրջանների ուժերը կենտրոնացնել Վանի նահանգի հայության դեմ: Ժամանակն սկսում էր գործել ի վնաս ինքնապաշտպանական ուժերի:
Մարտի 7-ին կովկասահայ 5-րդ գնդի մնացորդներից մոտ 400 հոգի գնդապետ Պողոսյանի հրամանատարությամբ. «Կորչի պատերազմը, գնանք տուն» կարգախոսի ազդեցության տակ, ինքնագլուխ լքում են իրենց դիրքերը ու հեռանում:
Թուքական ուժերը Վանա լճի թե հարավային, թե հյուսիսային ափերից կատաղի գրոհով առաջ էին շարժվում դեպի Վան:
Մարտի 22-ի առավոտյան կոմիսար Գրիգոր Բուլղարացին նահանջի հրաման է արձակում և, առանց մտահոգվելու բնակչության նահանջը կազմակերպված անցկացնելու մասին, ներքին գործերի կոմիսար Հմայակ Մանուկյանի ու պարենավորման կոմիսար Զավեն Կորկոտյանի հետ միասին, ձիերը նստած ծլկում են դեպի Երևան:
Շատախցի Ազատ Սիմոնյանի, Մելիք Աբրահամյանի, Սամվել Մեսրոպյանի, Մուրադ Դիլոյանի և Մոկաց ու Ոզմի վաշտերը, լսելով նահանջի մասին հրամանը, դադարեցնում են մարտական գործողությունները և սկսում են համախմբել դեռ անորոշության մեջ գտնված բնակչության ցաք ու ցրիվ խմբերը և միացնել նահանջող քարավանին: Առնիսի ճակատից Ջանիկ վերադարձած հայկական գունդը իր հետ բերել էր շրջակա գյուղերի հայ բնակչությանը: Բողազքհասանցի Ավագի պաշտպանությամբ Սարա էր հասել Բողազքհասան, Դաշվերան, Սևան, Լիմ և Զարանց գյուղերի հայությունը: Ավագի մարտական խումբը ջախջախում է նաև Նոշարի քրդական բանդան, որը հաճախ հարձակվում էր բնակչության փոքրաթիվ խմբերի վրա:
Տեղեկություն ստանալով նահանջի մասին՝ Ոստանի գունդը նույնպես մարտի 24-ին Սարա է հասնում իր քարավանով:
Մինչ այդ Կոստին Համբարձումյանը Սարա էր հասցրել 170 ուղտերի քարավանը՝ բարձած զինամթերքով: Հետագա ռազմական գործողությունների մասին շարադրված են իմ «Էջեր հայ ժողովրդի անցյալից» աշխատության «Մարտական նահանջ» հատվածում: