ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Փետրվարյան հեղփոխությունից հետո Ռուսաստանում հաղթանակեց բուրժուադեմոկրատական իշխանությունը՝ Կերենսկու գլխավորությամբ: Պատերազմը շարունակվում էր Գերմանիայի դեմ: Ռուսական բանակի շեշտակի հարվածներից ավել ու ավելի էր ուրվագծվում Գերմանիայի պարտության անխուսափելիությունը: Հենց այդ իսկ ճակատագրական պահին Վ. Ի. Լենինը հատուկ գնացքով և պատկառելի գումարով Գերմանիայից հայտնվում է Մոսկվայում: Հնչում են նրա կարգախոսները. «Կորչի պատերազմը», «Գնանք տուն»: Պատերազմական երկարատև գործողություններից զինվորները հոգնած էին: Տուն վերադառնալու ձգտումը անկասելի էր: Հրամանատարությունը անկարող գտնվեց վերահաստատելու կարգապահությունը: Լենինի պարտվողական քաղաքականության դեմ վճռականորեն հակադրվեցին էսերները:
Բոլշևիկների դաշնակից էսերների միջամտությունը, նրանց բողոքի ձայնը այս հարցում խլացվեց կրակոցների միջոցով և ավարտվեց իրենց դեմ գործադրած սարսափելի ու դաժան ճնշումով:
Լենինյանների վարած պարտվողական քաղաքականությունը կազմալուծում էր ռուսական բանակը: Օգտվելով դրանից գերմանական բանակը անցավ հակահարձակման: Շատ չանցած ռազմաճակատում իրադրությունը փոխվեց ի վնաս Ռուսաստանի և ի օգուտ Գերմանիայի: Վերջինս քայլ առ քայլ խստացնում էր իր պահանջները Ռուսաստանի նկատմամբ և սրում երկրի ներքին կացությունը: Նոր իրադրության պայմաններում, երբ փաստորեն բարոյալքվում էր ռուսական բանակը, Լենինը գիտակցաբար հրաժարվում է “Կորչի պատերազմը” կարգախոսից և հռչակում է. “Կռիվ պալատներին” և “Խաղաղություն խրճիթներին” կարգախոսները: Եվ իշխանությունը գրավելու նպատակով շիկացնում է քաղաքացիական պատերազմի հրդեհը: Կազմավորվում է նաև Կարմիր բանակը: Ինքնաոչնչացման այս գործընթացը, որը տևեց ավելի քան երկու տարի, ծանր հարված հասցրեց ռուս մտավորականությանը, ազնվականությանը, ինչպես և անպաշտպան ժողովրդին:
Կարելի է ասել, որ “Ավրորայի” հաղթական զարկերը թեթև ավետեցին “Պրոլետարական դիկտատուրայի” և դրա կցորդ “Բանվորա-գյուղացիական իշխանության” հաստատումը: Նորաստեղծ իշխանությանը բաժին ընկավ ավերված, սովի և ծայրահեղ աղքատության մատնված մի երկիր:
Վ. Ի. Լենինը համոզված էր, որ հակառակ կուսակցական ղեկի մոտ կանգնած ծայրահեղականների կարծիքի, կիսաավատապետական և կիսաբուրժուական երկրում իշխանությունը նվաճած Ռուսաստանի վրայով կարելի է “թռիչքային եղանակով” միանգամից հասնել պրոլետարական դիկտատուրայի և բանվորագյուղացիական իշխանության հաստատմանը:
Լենինի ամենահամարձակ քայլը 1922թվ. “Նոր տնտեսական քաղաքականության” անցնելու գաղափարն էր: “Նոր տնտեսական քաղաքականությունը” երկու տարվա ժամանակամիջոցում Ռուսաստանում ստեղծեց առատություն, լիություն, էժանություն և բնակչության կենսամակարդակի շեշտակի բարելավում: Աշխատավարձի նվազագույն չափը սահմանված էր 40ռուբլի, մինչդեռ Պետրոգրադի “Սկորոխոդ” բարձրորակ կոշիկը գնահատված էր 3ռուբ. 50կոպեկ: Լավագույն վերարկուն արժեր 8ռուբլի, կոստյումը՝ 7ռուբլի: Լավաշ հացը շուկայում արժեր 0,7կոպեկ, 3ձուն՝ 0,2կոպեկ և այլն:
Աշխատավարձը վճարում էին հնչուն ոսկիով և “չերվոն” թղթադրամով: Մարդիկ գերադասում էին թղթադրամը, քանի որ թղթադրամի սակագինը գնալով բարձրանում էր:
Ռուս ժողովուրդը ջերմությամբ ընդունեց “Նոր տնտեսական քաղաքականությունը”: Հակահեղափոխական բանդիտական բոլոր խմբերը զենքերը վար դրին: Երկրում իշխեց խանդավառությունն ու խաղաղությունը:
“Նոր տնտեսական քաղաքականության” հռչակած բարեկեցությունից օգտվել եմ նաև ես ինքս. դա վայելք էր բառիս ամենալայն իմաստով, որը ցավոք սրտի, երազի նման եկավ ու անցավ: Քանզի կոմկուսակցության ղեկավարությունը այն համարում էր “նահանջ” կուսակցության գլխավոր գծից և ձգտում էր “նահանջը” անհապաղ փոխարինել հարձակողականով: Բացի դրանից, կուսակցության ղեկավարությունը գտնում էր, որ Ստալինը կոպիտ է, նրան պետք է հեռացնել գլխավոր քարտուղարի պաշտոնից: Լենինն ընդունում էր, որ Ստալինը կոպիտ է, բայց ասում էր. «Ես չեմ ճանաչում կուսակցության մեջ մի այլ ղեկավարի, որ ունենար Ստալինի բոլոր դրական կողմերը՝ բացի կոպտությունից: Ուրեմն, Լենինը կարևորություն չէր տալիս Ստալինի կոպտությանը, որն անշուշտ կոպիտ սխալ էր:
Մեծ մարքսիստ Գեորգի Պլեխանովը հեռատեսորեն կռահում էր, որ Վ. Ի. Լենինի “Դեմոկրատական կենտրոնացման” ուսմունքի պայմաններում անխուսափելի է դառնում, որ իշխանության գլուխ անցնի զինվորական համազգեստով մի սրիկա և կուլ տա բոլշևիկյան բոլոր գորտերին ու այնպիսի ճաշ եփի, որ Ռուսաստանը երբեք չկարողանա մարսել:
Գեորգի Պլեխանովի այս մարգարեական կռահումը շարադրված է նրա 13-րդ հատորում: