ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Վ. Ի. Լենինի մահից հետո, 1925 թվականին տեղի ունեցավ կուսակցության 15-րդ համագումարը: Համագումարն ամփոփեց տրոցկիզմի դեմ դիսկուսիայի արդյունքները և արգելեց տրոցկիստների գործունեությունը խորհրդային երկրում:
Օրակարգի երկրորդ հարցում համագումարը որոշում ընդունեց մեկուկես-երկու տարում սկսել և ավարտել գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը: Հասկանալի է, որ Ստալինի նախագծած “համատարածը” անհնար էր գլուխ բերել՝ առանց բռնի միջոցների գործադրման. մանավանդ նախատեսվում էր համայնացնել բոլոր անասուններին, նույնիսկ թռչուններին՝ առանց փոխհատուցման:
Հաշվի առնելով, որ իրենց անասուններն առանց փոխհատուցման հանրայնացվում են, անասնատերերը սկսեցին անխնա ոչնչացնել սեփական կենդանիներին: Գյուղերում ծավալվեց անասունների բնաջնջման ահասարսուռ մի ալիք: Մոլեգնեց կաթնամթերքի սովը, հացի օրավուր թանկացումը: Եվ խորհրդային իշխանությունը իր իշխանության 7 ամյակը դիմավորեց հացի նորմավորման նվազագույն և աղքատիկ չափերով:
Այս հրեշավոր կացությունը Ստալինը որակեց որպես “գլխապտույտ հաջողությունների” արդյունք և մեղադրեց տեղական կազմակերպություններին “կամավորական սկզբունքը” խախտելու մեջ: “Կամավորական սկզբունքի” մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց և կիսատ-պռատ կցված ու կցմծված համայնական տնտեսությունները լիովին կազմալուծվեցին: “Կամավորական սկզբունքը” վերաճեց համայնական տնտեսությունները վերացնելու նշանաբանի: Կոլտնտեսային կարգերի դեմ ոտքի կանգնեց գյուղացիությունը, որի գլխավոր կենտրոնը դարձավ Դարալագյազի շրջանը:
Այդ օրերին տեղի ունեցավ Երևանի կուսակցական ակտիվի ժողովը, ուր ներկա էի նաև ես: Չեկայի ներկայացուցիչը վերցրեց ընկալուչը և բորբոքված ասաց. «Բանակը հանել, բոլորին անխնա ոչնչացնել…»: Սահակ Տեր-Գաբրիելյանը նրան՝ թևից բռնած, իջեցրեց ամբիոնից. «Ու՞մ եք կոտորում, ինչի՞ համար: Միթե՞ չհագեցավ ձեր արյան ծարավը: Գեղեցիկ կյանքի համար չէ, որ գյուղացին զենք է բարձրացրել մեր դեմ»: Այնուհետև Տեր-Գաբրիելյանը դիմեց կենտկոմի 2-րդ քարտուղար Սեդրակ Օդյանին, պահանջեց մենակ գնալ Դարալագյազ և տեղում կարգավորել խնդիրը: Հաշվի էր առնվում. որ ապստամբության ղեկը իրենց ձեռքն են վերցրել կոմունիստները, որոնք ստեղծել են իրենց “լույս” իշխանությունը, իսկ Դարալագյազի կոմկուսակցության հիմնախնդիրը եղել է Սեդրակ Օդյանը:
Սեդրակ Օդյանը անցնում է Մալիշկա գյուղը, հեռախոսով կապվում է ապստամբության ղեկավարների հետ և հայտնում, որ ինքը եկել է մենակ և անզեն ու պահանջում է, որ բոլորը հավաքվեն զենքով և սպասեն իրեն:
Հանդիպելով զինված և շարքով կանգնած “ապստամբներին”՝ Օդյանն սկսում է հանդիմանել, ամոթանք տալ նրանց և միաժամանակ հասկացնում է. «Եթե չեք ուզում կոլխոզ ընդունվել, մի ընդունվեք: Ինչու՞ համար է ձեր այս աղմկարարությունը»: Օդյանը պարզապես հասկացնում է, որ ինքը նրանց կուսակցության մեջ ընդունելու համար ուղղակի ամաչում է:
Ծերջում Օդյանը հրամայում է՝ զենքերը վար դնել և անցնել խաղաղ աշխատանքի: Ապստամբները զենքերը վար են դնում և նրանց մեծ մասը խնդրում է թույլ տալ մասնակցելու խորհրդային իշխանությունը վերականգնելու աշխատանքներին: Օդյանը մոտ տաս օր մնում է Դարալագյազում և վերականգնում է կուսակցական, խորհրդային և կոմսոմոլի շրջանային և տեղական մարմինները:

_________________________________

Ստալինը իր թույլ տված սխալների համար որոշակիորեն կորցրել էր իր հեղինակությունը, մի բան, որ ցայտուն կերպով արտահայտվեց կուսակցության 17-րդ համագումարում: Այս համագումարի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկում Ստալինին և առաջարկում նրա փոխարեն կուսակցության առաջնորդ ընդունել Սերգեյ Միրոնովիչ Կիրովին: Սակայն Կիրովը համեստաբար հրաժարվում է իրեն ընձեռած պավից և համոզում է համագումարի պատգամավորներին հնարավորություն տալ Ստալինին շարունակելու աշխատանքը և ուղղելու թույլ տված սխալները: Կիրովի առաջարկությունը ընդունվում է միայն մի քանի պատգամավորների առավելությամբ:
Մ. Կիրովի “համեստությունը” էժան չնտեց կուսակցության վրա: Ստալինը դավադրաբար կազմակերպեց Կիրովի սպանությունը և այն օգտագործեց Լենինգրադի ակտիվի զանգվածային ջարդ կազմակերպելու համար: Ստալինը ոչնչացրեց նաև 17-րդ համագումարի պատգամավորների բացարձակ մեծամասնությանը: Եթե չեմ սխալվում, ավելի քան 90 տոկոսին: