ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Միջագետքից մեր հայրենադարձությունը տեղի ունեցավ 1922-ի հունվարի սկզբին: Ներգաղթողների մի մասը տեղավորվեց Երևանում, մյուսները՝ Էջմիածնում, Աշտարակի և Արտաշատի շրջաններում:
Մեզ տեղավորեցին Վերին Արտաշատ գյուղում: Այս գյուղի բնակիչները մեր նկատմամբ հոգատարությամբ էին տրամադրված: Դեռ նոր ավարտված քաղաքացիական պատերազմի հետևանքով սրանք նույնպես դժվարին պայմաններում էին ապրում: Բայց ունեցած մի պնակ ապուրից անգամ բաժին էին հանում իրենց տանը ապաստան գտած գաղթականներին:
Մենք տեղավորվեցինք Եղիկ անունով մի բարեպաշտ և հարգարժան մարդու ունեցած երեք ազատ տնակներում: Տնակներից մեկը զբաղեցնում էինք` ես, Դավիթ հորեղբայրս, մայրս, Ռոստոմ եղբայրս, մյուսը՝ Զադո հորեղբայրս իր տիկնոջ՝ Սինամ մայրիկի, և պապիս փոքր եղբայր Ջիբրայելի հետ:
Ահա, օտար երկնքի տակ տառապանքի քառուղիները անցած մեր բազմանդամ ընտանիքի բեկորները: Տնակներից մեկում էլ ապրում էր քեռի Մարկոսը՝ նոր ամուսնացած իր մշեցի տիկնոջ հետ:
Ես տառապում էի թունավոր լուծով: Դեղորայք չկար: Օրըստօրե մաշվում էի: Մորս աչքերը միշտ թաց էին:
Աշնանային մի օր /1922-ին/. -Նանա, – դիմեց Եղիկը մորս, -տղիդ տուր, տանեմ լավցուցեմ”:
-Տար, Եղիկ աղբեր, տար,- պատասխանեց մայրս:
Եղիկը անհրաժեշտ պատրաստություններով, ինձ էլ իր սայլին նստեցրած, հասանք խաղողի այգին: Դա գյուղի ամենահեռավոր այգին էր, որը սահմանակից էր ներկա Գինիվետ գյուղի սահմաններին: Այգուն սահմանակից էր ցորենի հնձած մի ընդարձակ արտ, որի մեջ անընդհատ թռչկոտում էր լորերի բազմությունը:
Լորերը որսալու համար Եղիկը ձիու պոչի մազերից պատրաստեց 20 “ձար” /թակարդ/ և տեղադրեց այգու թմբերի միջև: Թակարդները ապահոված էին կորեկի հատիկներով:
Եղիկն ինձ պատվիրեց. – Ամեն առավոտ, դեռ սոված, սկսիր խաղող ուտել, որքան կարող ես: Հետո ստուգիր թակարդները և բռնված լորերին հավաքիր, փետրահան արա ու խորովիր արքադի կրակով: Նայիր արքադի հսկայական դեզին և մի ափսոսա: Ես կգամ շաբաթը մի անգամ և լավաշ հացը կհասցնեմ: Լորերի որսը կհավաքես, կխորովես ու կճաշակես նաև ճաշին ու իրիկուն:
Այգին ուներ մի տնակ: Եղիկը պատվիրեց. –Լավաշը կպահես տնակի փակ սնդուկում: Ինքդ կքնես տնակի կտուրին:
Մի շաբաթ անց ինձ տեսակցության եկան մայրս և Ջիբրայիլ պապս: Ստամոքսիս ցավերը անցել էին: Ես ինձ զգում էի առույգ: Երեսիս գունաթափությունը նույնպես անցել էր: Տեսնելով ինձ՝ մայրս ու պապս ուրախությունից լաց եղան: Այդ օրվա լորերի որսը վայելեցինք միասին:
Աշնան վերջին օրերն էին: Գյուղացիները փոզել էին /ավարտել էին խաղողաքաղը/ և բերքը եռում էր հնձաններում: Եղիկին ասացի. –Ժամանակը չէ՞, որ մենք էլ փոզենք այգին:
-Ինչք ձուն չի կյա, չեմ փոզելու, -ասաց Եղիկը:
Վերջապես, մի օր էլ սկսեց առատորեն տեղալ ձնախառն անձրևը և տնեցիները Եղիկի հետ եկան փոզելու այգին: Պարզվեց, որ Եղիկը գիտակցաբար էր ձգձգում այգեկութը, որպեսզի երկարաձգի իմ ապաքինման գործընթացը: Այգեկութից անմիջապես հետո Եղիկը ռուսական երկու տասանոց ոսկի բերեց մորս: Մայրս կտրականապես մերժեց ընդունել ոսկիները. “Աղբեր Եղիկ, մկա դու փրկիր իս տղիս մահից ու ոսկի էլ կուտաս: Մկա ես իմ քի պարտական, դու ընձի՞ ոսկի կուտա՞ս”:
Եղիկը պնդեց իր առաջարկը. -Նանա, տղեն էքյին պախիր ի խալալ ի ուրան:
-Չէ, չեմ վերցնի, -կտրուկ ասաց մայրս:
Եղիկը նկատելով, որ մորս անհնար է համոզել, ոսկիները մեր տնակի լուսամուտից ներս շպրտեց և շտապ՝ համարյա վազելով, գնաց:

_________________________________

1923-ին բատրակ էի Գալստյանների տանը: Սա Վերին Արտաշատի աչքի ընկնող ընտանիքներից էր: Մեծ եղբայրը՝ Հակոբը, ավարտել էր Պետերբուրգի Այգեգործական և Գինեգործական ինստիտուտը: Շրջանում ամենափորձված և ճանաչված մասնագետն էր, բայց ամուսնացած չէր: Փոքր եղբայր Նահապետը ուներ ինը երեխա և սպասում էր տասներորդի ծնունդին:
Ընտանիքի մայրը փոքրամարմին, բարի և առաքինի մի կին էր: Ամեն անգամ, երբ ինձ ճաշ էր մատուցում, անպայման գինիով լի գյուգյումը, բաժակը կողքին դնում էր ափսեիս մոտ: Ես չէի սիրում խմել և մի անգամ նրան հիշեցրի. «Մայրիկ, գինին հարկավոր չէ»: Նա պատասխանեց. «Բալա ջան, կարգն էտի. կուզես խմի, չես ուզի՝ մի խմի»:
Հակոբի հետ պայմանավորվել էինք. ինձ կերակրել, հագցնել և յուրաքանչյուր սեզոնի համար էլ երկու հնչուն ոսկի վճարել:
Հակոբն ինձ խորհուրդ էր տալիս. ազատ ժամանակ հաճախել գյուղի խրճիթ ընթերցարան, մասնակցել այնտեղ անցկացվող պարապմունքներին, ժողովներին, բնագիտական զրույցներին ուր ամենուրեք ժխտվում էր Աստծո գոյությունը, մի բան, որն անհասկանալի էր թվում ինձ: Այս պատճառով էլ հաճախում էի եկեղեցի:
1923-ին հրապարակվեց Վ. Ի. Լենինի հոդվածը գյուղի բատրակների և բանվորների Արհեստակցական Միություն ստեղծելու մասին: Տեղի ունեցավ բատրակների ընդհանուր ժողով: Ժողովի որոշմամբ ինձ ընտրեցին Արհմիության նախագահ: Շուտով Երևանից մեզ մոտ եկավ Անուշ անունով մի տիկին, կազմեց մեր ցուցակը և իր երկրորդ այցելությանը բերեց ու բաժանեց մեր անդամատոմսերը: