ԳՈՏԵՄԱՐՏ

1924-ի աշնանային մի օր, անասուններն արածացնում էի վարձակալիս այգուն սահմանակից, արդեն փոզված մի այգում: Հանկարծ, կարծես թաքստոցից, դուրս թռավ այգու տերը և հոխորտանքով սկսեց ամենակոպիտ հայհոյանքներն իմ հասցեին և միաժամանակ “Լենինի, հայրենիքի ստոր դավաճանների, կոմունիստների” հասցեին և այլն… Փորձեցի համոզել, հանգստացնել, ոչինչ չստացվեց: Զգացի, որ այս մարդու մեջ կուտակված ատելությունը իմ նկատմամբ “քաղաքական” աստառ ունի. չէ՞ որ ես ընդունվել եմ կոմսոմոլի շարքերում: Մնում էր պատրաստվել գոտեմարտի: Իմ զենքը ձեռքիս մահակն էր, չոմախը: Ես բարձրացա այգու թմբին, իսկ նա հայհոյելով մոտենում էր ինձ: Երբ արդեն մոտ էր և ձեռքը պարզած ուզում էր ինձ բռնել, չոմախովս հարվածեցի նրա վզին և նա ուշագնաց տապալվեց գետին: Անմիջապես անասունները դուրս բերեցի այգուց և հեռացա: Բայց շուտով խղճի խայթ զգացի. ինչպե՞ս կարելի էր ուշագնաց մարդուն թողնել անօգնական և հեռանալ: Վերադարձա, հեռվից դիտեցի տեսա, որ հակառակորդս՝ Բադալենց Կարոն տեղում չէր, հանգիստ հեռացա: «Լավ է, որ հարվածս զգուշավոր է եղել. Փառք Աստծո»:
Երեկոյան հեղկոմի նախագահ Արմենը ինձ կանչեց և հարցրեց. «Գյա, Բադալենց Կարոյին թփիր ե՞ս» և ավելացրեց. «Թե թփիր ես աղեկ ես արել: Պատասխանեցի. «Հարձակվեց վրաս. չոմախով հարվածեցի վզին, ընկավ ուշագնաց»: Գիտակցաբար լռության մատնեցի այն փաստը, որ նա հայհոյել է Լենինին, կոմունիստներին և այլն, այլապես կարող էին նրան ոտով-գլխով կորցնել: Նախագահը ներս հրավիրեց Բադալենց Կարոյին և մերժեց նրա գանգատը. «Սուտ ես ասելի: Զրպարտել ես Հայրիկ Մուրադյանին»:
Անցան օրեր, 1925-ի ապրիլի սկզբներին պատարագ էր մատուցվում՝ նվիրված Քրիստոսի հարության տոնին: Ներկա էի պատարագին և ընդունեցի Հաղորդություն: Երբ հնչեց.

Քրիստոս իմ մեջ հայտնեցավ,
Որ Էն Աստված աստ բազմեցավ.
Եկեղեցին մի անձն եղեվ,
Համբույրս հօդ լրման տվավ,
Խաղաղության ձայն հնչեցավ
Սուրբ ողջույնի հրաման տվավ.
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ.
Արդ պաշտոնյալք բարձրյալ զձայն.
Միասնական Աստվածության
Որում սրովբեք են սրբաբան:

Այս սրբազան երգի հնչունների տակ մեկը թիկունքից ինձ գրկեց և սկսեց ջերմորեն համբուրել.
Բադալենց Կարոն էր: Մենք գրկախառնվեցինք: Եվ սուրբ երգի, սուրբ երդման հավատքով «Սուրբ հաշտություն » հաստատեցինք:

_________________________________

1925-ի մայիսին Պետիկ Թորոսյանն ինձ աշխատանքի հրավիրեց շրջկենտրոնում: Այստեղ արդեն հիմնադրված գործում էր «Գյուղանտառ» միությունը, որի նախագահն էր հաստատված Վերին Արտաշատցի, հին կոմունիստ Կարո Վարդանյանը: Պ. Թորոսյանն ինձ նշանակեց նրա տեղակալը, որն ինձ ընդունեց սիրով: Պ. Թորոսյանն ինձ պատվիրեց. «Մի քիչ կաշխատես, փորձ ձեռք կբերես, որից հետո Վարդանյանին կփոխադրենք այլ աշխատանքի և դու կփոխարինես նրան»:
Այդպես էլ եղավ: Երեք ամիս հետո ես փոխարինում էի Կ. Վարդանյանին:
1925-ի աշնանը ինձ նշանակեցին Հրազդանի շրջանի գյուղանտառ միության նախագահ: Այստեղ ես ծանոթացա «Մաճկալ» թերթի խմբագիր Վախթանգ Անանյանի հետ: Թեև դեռ կիսագրագետ էի սկսեցի թղթակցել «Մաճկալ»-ին փոքրիկ նյութերով՝ բատրակների կյանքից: Խմբագիր Վ. Անանյանը սիրով տպագրում էր իմ հոդվածները: Մեր մտերմությունը օր ավուր զարգանում էր:
Ճակատագրի բերումով 1926-ի ամռանը Վախթանգ Անանյանի հետ սովորում էինք Մանգլիսի կուսակցական ակտիվի եռամսյա կուրսերում և ապրում էինք միասին մի տան մեջ: Ես նրան պատմում էի իմ ծննդավայր Շատախի, նրա հրաշագեղ բնության, ժողովրդի սովորությունների, ավանդությունների մասին, որոնք հետագայում դարձան Վախթանգ Անանյանի որոշ պատմվածքների նյութը և հրատարակվեցին նրա ժողովածուներում: Շատախի կյանքի մութ ծալքերը լույս աշխարհ հանելիս, Վախթանգ Անանյանը սովորաբար հիշում է. Պատմում է իմ ընկեր Հայրոն /Հայրիկը/:
Վախթանգ Անանյանը բնության սիրահար էր, կենդանական աշխարհի գիտակ, հռչակավոր որսորդ, բազմաբեղուն ու տաղանդավոր գրող, պայծառամիտ անհատականություն: Վախթանգի հետ մեր ընկերական սերը վերաճեց եղբայրական սիրո, որի անստվեր լույսի փայլը երբեք չմարեց:
Զարմանալի չէ, որ 1937-1939 դժոխային տարիներին մեր ազգի սերուցքի հետ բանտում էր գտնվում նաև Վախթանգ Անանյանը: Ժամանակը կապարագլուխ գիշակերներինն էր, իսկ զնդանը՝ լուսամիտ և բյուրեղյա հոգիներինը: