ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

1927-ին փոխադրվեցի Էջմիածին՝ որպես Գյուղանտառ միության նախագահ: Այստեղ իմ առաջ բացվեց աշխատանքի առավել լայն ասպարեզ: Բացի բատրակներից միությունը սպասարկում էր վանքապատական կալվածքներում աշխատող մշակներին, փորձադաշտի բանվորներին ու ծառայողներին: Հաստիքով ես ունեի նաև Սենեքերիմ անունով հաշվապահ, աշխատասեր ու ազնիվ մի մարդ, որն ինձ օգնում էր ամեն բանում:
Մի ամսից հետո գումարեցինք միության ընդհանուր ժողով, ուր ընտրեցինք շրջանային կոմիտե, իսկ վերջինս ինձ ընտրեց որպես շրջկոմի նախագահ: Սկզբնական պրոֆկազմակերպությունները բատրակկոմի փոխարեն, կոչվեցին “բանկոմ” /բանվորական կոմիտե/:
1928-ին ամռանը Հայաստանի կառավարությունը որոշեց բռնագրավել Էջմիածնի վանքապատական կալվածքները, որը ծանր կացության մեջ դրեց վանական իշխանությանը: Բռնագրված կալվածքների վրա հիմնվեց վանքի մշակների “Անաստված” կոլտնտեսությունը: Ջնջեցին Էջմիածին անունը և վերականգնեցրին պատմական Վաղարշապատ անունը: Սակայն Էջմիածինը կարողացավ պահպանել իր գոյությունը շնորհիվ այն բանի, որ այն հովվում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սփյուռքի հավատացյալներին: Ազգային հավատքի դեմ մոլեգնած այս չարաշուք արշավանքը ինձ վրա ցնցող տպավորություն գործեց, քանի որ ոչնչով հնարավոր չէր արդարացնել ժողովրդի խղճի ազատության նկատմամբ մոլեգնած այս ոճիրը:
Նույն օրերին հրապարակ հանվեց նաև կուլակաթափության մասին չարահնար որոշումը: Կուլակ էին համարվում նրանք, ովքեր ժրաջան աշխատանքով կարողացել էին իրենց համար բարեկեցիկ կյանք ստեղծել: Հիշում եմ թե ինչպես տներից վտարված, ունեզրկված, կողոպտված ընտանիքներ՝ երեխաներով փողոց շպրտված, հայրենիքից հեռու քշելու սարսափը սրտներում, անիծում էին իրենց դժխեմ ճակատագիրը և սպասում իրենց անհայտ, անորոշ ապագային: Բայց չէ՞ որ սրանք հայեր էին, հայրենիքին հաց ու պարեն հասցնող մարդիկ: Չկարողանալով տանել այս մղձավանջը, փակվեցի իմ սենյակում և ազատություն տվի իմ արցունքի հեղեղին: