ՂՈՒՐԴՈՒՂՈՒԼԻՈՒՄ /ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ/

1928-ի վերջերին ինձ վերցրին կոմերիտական աշխատանքի, նշանակեցին Հոկտեմբերյանի շրջկոմի քարտուղար: Աշխատանքի հենց առաջին օրը ինձ ներկայացավ Թափադիպի գյուղի մի կոմերիտական ու հայտնեց, որ ինքը հայտնաբերել է տրոցկիստական մի խմբակ և ներկայացրեց ցուցակը: Շատ չանցած, նույն գյուղից ներկայացավ մի այլ կոմերիտական նույնպես՝ իր հայտնաբերած տրոցկիստական խմբակի ցուցակով: Եվ այսպես, տվյալ գյուղի ութ կոմերիտականներն էլ ինձ ներկայացան իրենց “հայտնաբերած” տրոցկիստական խմբակի ցուցակներով: Ստացվում էր, որ գյուղի բոլոր կոմերիտականներն էլ թե տրոցկիստներ են, թե տրոցկիստական խմբակի “հայտնաբերողներ”:
Երեկոյան հրավիրեցի Թափադիբի գյուղի կոմերիտականների ժողով և պարզաբանեցի. «Քանի որ դուք բոլորդ էլ հանդես եք եկել որպես տրոցկիզմի դեմ պայքարողներ, ուրեմն ձեր մեջ տրոցկիստներ չկան: Դուք, պարզապես, անգիտակցաբար զրպարտել եք միմյանց: Եկեք ներողություն խնդրենք միմյանցից և սրանից հետո ոչ թե զրպարտել, այլ հավատալ, վստահել և սիրել միմյանց»:
Պարզվեց, որ կոմսոմոլի շրջկոմի նախկին քարտուղար Հարությունյանն է կոմերիտականներին սովորեցրել տրոցկիստներին մերկացնելու այս մեթոդը:
Ցավոք սրտի, տրոցկիզմը մերկացնելու այս արատավոր գործելակերպի մասին նամակները ժամանակին հասցեագրված են եղել նաև Ներքին գործերի ժողկոմատի մարմիններին: Վերջիններս դրանց հիման վրա, 1937-ի դաժան օրերին, Թափադիբի գյուղի բոլոր կոմերիտականներին կալանքի տակ են վերցնում և աքսորում՝ տասական տարով: Հակառակ Ներքին Գործերի ժողկոմատին ուղղված իմ մի շարք դիմումների, Թափադիբի գյուղի հիանալի կոմերիտականներին՝ անպարտ ճանաչելու և կալանքից ազատելու մասին, մնացին անպատասխան: Գիշատիչ մարդակերներին զոհ էր հարկավոր. ահա թե ինչու իմ խնդրանքը մերժվեց:

____________________

1929-ի գարնանը Հոկտեմբերյան ժամանեց Կոմսոմոլի կենտկոմի ներկայացուցիչ Ահարոն Մոկացյանը՝ կոմերիտական շարքերի զտում անցկացնելու համար: Նա հայտնեց, որ ես ընտրված եմ Կոմսոմոլի կենտկոմի պլենումի կազմում և ինձ տվեց կենտկոմի անդամության տոմսը: Ահարոն Մոկացյանի հետ միասին հաջող անցկացրինք կոմսոմոլի շարքերի զտումը:

____________________

Արաքսի ափերին ունեինք Ջանֆիդա անունով մի գյուղ, ուր կոմերիտմիության շարքերում չէին ընդունում բատրակներին: Որոշեցի անձամբ լինել տեղում և պարզել պատճառները: Գյուղում չկար կուսակցական բջիջ, դրան նույնպես փոխարինում էր կոմերիտմիությունը: Կտրուկ խնդիր դրի. մի քանի բատրակների ընդունել կոմերիտմիության շարքերում: Վերջապես ներկայացրեցին Աբուզեթ անունով մի բատրակի, որին քննեցինք և ընդունեցինք: Բջիջի քարտուղար Անդրանիկ Բոյաջյանը խոստացավ, որ մնացածներին իրենք աստիճանաբար կընդունեն:
Ուշ գիշեր էր, հակառակ Բոյաջյանի խնդրանքին, հրաժարվեցի մնալ գյուղում, հյուր լինել իրեն: Քրիստոսի Հարության տոնը նոր էր նշվել: Ջանֆիդա գյուղից իջա Մարգարա-Ղուրդուղուլի մայրուղու վրա և քայլերս ուղղեցի դիպի Ղուրդուղուլի: Լուսնակ և պարզ գիշեր էր: Առջևից գնում էր մի սայլ. վրան նստած էին մի տղամարդ և մոտ տաս տարեկան մի պատանի: Տղամարդը, թերևս համոզված լինելով, որ իրեն լսող չկա, սկսեց երգել “Սուրմալու” երգը: Նրա հիասքանչ ձայնը, հուզաթաթավ կատարումը ինձ գերեց: Ես արագացրի քայլերս և համարյա վազելով հասա նրան: Ես զինված էի և զինվորի նման հագնված: Նայելով ինձ` նա սարսափ ապրեց: Հանգստացրի նրան. «Սիրելի օտարական, մի վախեցիր ինձանից: Ես երգի սիրահար եմ, հիացած եմ քո քաղցրալուր ձայնով և, մանավանդ, հայրենաշունչ և կախարդիչ երգով: Եղբայրաբար խնդրում եմ նորից կատարել այդ երգը»:
-Չե՞ս մատնի,- հարցրեց նա կասկածանքով:
-Վստահ եղիր,- ասացի,- իմ տոհմի մեջ մատնիչ չի եղել և չի լինի, հավատա:
Նա բարեկամաբար ինձ նայեց և խնդրեց բարձրանալ սայլի վրա: Մենք տեղավորվեցինք սայլի առաջնամասում դրված տախտակի վրա՝ մեջմեջ առնելով պատանուն: Եվ կրկին հնչեց նրա անզուգական ձայնը.
Անբախտ Արարատը յուր սև ամպերով
Ողբում է կորուստդ, անուշ Սուրմալու.
Դարձել ես ավերակ՝ հողին հավասար,
Հայաստանի փառք ու պարծանք, Սուրմալու:
Աման, աման, Սուրմալու,
Օձն է նստել բախտիդ վրա, Սուրմալու:

Չկա զանգակի ձայն, չկա հայ բարբառ,
Դարձել ես բնավեր, գայլերի անտառ:
Դպրոցներով հարուստ՝ մարդաշեն գավառ,
Սև սուգ ես հագել, տխուր Սուրմալու:
Աման, աման, Սուրմալու,
Օձն է նստել բախտիդ վրա, Սուրմալու:

Արաքսի ափին կա թե վարդ, թե սոխակ,
Ագռավն է վայելում հարգանք, Սուրմալու.
Քնքուշ հայ աղջկա երգի փոխանակ՝
Դուշմանն է կռնչում զզվելի եղանակ:
Աման, աման, Սուրմալու,
Օձն է նստել բախտիդ վրա, Սուրմալու:

Այգեպանդ չկա՝ այգիդ զարդարե,
Այգուդ չորս բոլոր մութ է ու խավար:
Երանի Խորհուրդը մեզի պաշտպաներ.
-Եկեք, -ասեինք, հայեր, երթանք Սուրմալու:
Ավաղ, անուշ Սուրմալու
Միշտ բաց լիներ
Փակված ճամփեդ Սուրմալու:
Ծանոթություն. Վերջին երկու տողի խմբագրումը իմն է:
Մինչև Հոկտեմբերյան հասնելը, ես յուրացրի երգի տեքստն ու մեղեդին:
Շինական սքանչելի երգչին հրաժեշտ տալիս, գիտակցաբար, կասկած չհարուցելու նկատառումներով, չհարցրի նրա անունն ու հասցեն, բավարարվեցի միայն համբուրելով նրան ու իր որդուն:

____________________

1929-ի գարնանը Ղուրդուղուլի եկավ կոմսոմոլի նորընտիր կենտկոմի ներկայացուցիչ Ահարոն Մոկացյանը՝ կոմերիտական շարքերի զտումն անցկացնելու նպատակով: Հայտնեց, որ ինձ ընտրել են կոմսոմոլի Հայաստանի կենտկոմի պլենումի անդամ և ինձ հանձնեց կենտկոմի անդամության տոմսը:
Ահարոն Մոկացյանի հետ հաջողությամբ ավարտեցինք կոմսոմոլի շարքերի զտումը և մեկնեցինք շրջանում եղած ադրբեջանական միակ Շախվառուտ գյուղը, որը գտնվում էր Արաքսի ափին: Գյուղում կար մի կոմունիստ և 121 կոմերիտական: Սրանք բաժանված էին երկու թայֆայի, որոնք միմյանց նկատմամբ թշնամությամբ էին տրամադրված: Հարցրեցինք. «Արդյոք կա՞ն ձեր մեջ չեզոք կոմերիտականներ, որոնք կապ չունեն թայֆաների հետ: Եթե կան այդպիսիները, թող մնան, իսկ մնացածները անմիջապես հեռանան խրճիթ ընթերցարանից»: Եվ այսպես մնացին 11 հոգի: Մոկացյանի հետ որոշեցինք, այս 11 հոգուց ստեղծել կոմսոմոլի բջիջը և մնացածներին վտարել կոմերիտմիության շարքերից: Միակ կոմունիստին խնդրեցինք մասնակցել նորաստեղծ բջիջի նիստերին և ցույց տալ համակողմանի աջակցություն: