Երեւանը Հայրիկ Մուրադյանի անունով փողոց կունենա – 20.10.2015

Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցը կանվանակոչվի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ։ Երեւանի ավագանին հոկտեմբերի 28-ին նիստ կգումարի, որի օրակարգում ներկայացված է նաեւ այս հարցը:

Հայրիկ Մուրադյանը Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում: 1921թ․նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան եւ բնակություն հաստատել Վերին Արտաշատում։ Սկզբում Մուրադյանն աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա եւ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկ Մուրադյանը մեկնել է ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» եւ երեք մարտական մեդալներով։

Հայրիկ Մուրադյանը պատմական շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ է, սակայն առավել հայտնի է դարձել որպես հայկական ժողովրդական երգերի կատարող: Բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում հնչել է նրա ձայնը: Հայրիկ Մուրադյանի եւ իր դուստր Մարոյի ջանքերով 1980թ. հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը, որը հետագայում մեծ ճանաչում է ստացել հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ «Վան» ազգագրական համույթը:

Հայրիկ Մուրադյանի երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում 1971 թվականին լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ։ Մուրադյանը մահացել է 1999թ. դեկտեմբերի 23-ին Երեւանում։ Հայ երգի երախտավորի անվամբ Երեւանում փողոց անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանի կողմից։

Երեւանի ավագանին կքննարկի նաեւ Սարմենի փողոցի եւ Մարշալ Բաղրամյան պողոտայի միջանկյալ ճանապարհահատվածը Գալոյան եղբայրների անվան փողոց անվանակոչելու հարցը։ Գալոյան եղբայրներից Մուսայելը եղել է վաստակավոր արտիստ, ղեկավարել է Ժողովրդական արվեստի թանգարանը, Ժողովրդական արվեստի հանրապետական գիտամեթոդական կենտրոնը, եղել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենը։ Նա հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

Ալեքսանդր Գալոյանը հիմնել եւ ղեկավարել է «Հայբուժտեխնիկա» միավորումը, երկար տարիներ ղեկավարել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության դեղատնային գլխավոր վարչությունը։ Ալեքսանդր Գալոյանի մասնակցությամբ հիմնվել է Հայաստանի քիմիադեղագործական գործարանը։ Մեծ է նրա դերը նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի բացման գործում։

Գալուստ Գալոյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական։ Նրա ղեկավարությամբ հրատարակվել է Հայ ժողովրդի պատմության ութհատորյակը։ Գալոյան եղբայրների անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից։

Երեւանի Արգիշտի փողոցի եւ Հաղթանակ կամրջի հատման մասից մինչեւ Կաշեգործների փողոց տանող ճանապարhահատվածը կանվանակոչվի Ոսկերիչների փողոց։ Այս միջնորդությամբ ավագանուն են դիմել «Մերիդիան Ազատ տնտեսական գոտի» եւ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ները։

Սկզբաղբյուր։ http://armtimes.com/hy/read/72291