«ԿԱՄԱԿՈՐ ՇԱՏԱԽՑԻՆ»

Մի օր ճանապարհներն ինձ մոտ բերին հայոց լեզվի իմ վաղեմի դասատու պարոն Հարությունին և ինձ հայտնեցին. «Այս հաշմանդամը ցորենի արտում պաշար էր անում»: Պարոն Հարությունի աջ ձեռքը և ձախ ոտքը անշարժացած էին, գրում էր ձախ ձեռքով, ըստ որում, արտակարգ գեղեցիկ ձեռագիր ուներ:
Սրտի խորունկ ցավ զգացի՝ տեսնելով իմ հայոց լեզվի դասատուի վիճակը: Պարզվեց, որ ներգաղթից հետո, պարոն Հարությունը նշանակված է եղել հայոց լեզվի դասատու դպրոցում: Մի անգամ աշակերտներից մեկը նրան հարց է տալիս. «Ընկեր դասատու, Աստված կա՞»:
-Այո, -պատասխանում է Հարությունը,- իրարկե, Աստված կա:
Ահա այս պատճառով էլ դասատու Հարությունը վտարվում է դպրոցից:
-Պարոն Հարություն, Դուք հիշու՞մ եք ինձ:
-Ոչ, – պատասխանեց նա, -չեմ հիշում:
-Հիշու՞մ եք մի օր, երբ դասամիջոցը նոր էր վերջացել, դուք Կոստին անունով աշակերտին կարգադրեցիք պատմելու դասը: Կոստինն, իհարկե, լավ չէր յուրացրել այդ օրվա դասը: Դրանից դրդված դուք աջ թևով հենվեցիք պատին և ձախ ձեռքի հենափայտով հարվածեցիք Կոստինի ճակատին: Ճակատից սկսեց արյուն հոսել, որը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա, մանավանդ, որ Կոստինը իմ մտերիմ ընկերն էր: Չդիմանալով այս տեսարանին, անմիջապես ոտքի կանգնեցի և կոչ արեցի բոլոր դասարանցիներին. դուրս գալ դասարանից: Աշակերտներն անմիջապես դուրս եկան դասարանից: Շարվի’ր, հրամայեցի ես և “Դաշնակցական խումբ, գնանք դեպ Սասուն” քայլերգով ներկայացանք գեներալ Լևոն Շաղոյանին, որը սպիտակ վրանի տակ զրուցում էր Եզնիկ վարդապետի հետ:
Գեներալ Լևոն Շաղոյանին ներկայացնելով վիրավոր Կոստինին և մեր բողոքի դրդապատճառները՝ բոլորիս անունից խնդրեցի պաշտոնից հեռացնել պարոն Հարությունյանին:
Լևոն Շաղոյանը, պարոն Հարությունյանին հանձնելու համար, մեզ տվեց հետևյալ երկտողը. «Պարոն Հարություն, եթե աշակերտները նորեն բողոքելու գան ինձ մոտ, ստիպված պիտի ըլլամ պաշտոնից հեռացնելու Ձեզ»:
Պարոն Հարություն, իհարկե սիրով ընդունեցիք բոլորին և հայտարարեցիք. «Այդ “կամակոր շատախցուն” երբեք չեմ ընդունի»: «Հիշիր, պարոն Հարություն, այդ “կամակոր շատախցին” ես եմ: Մի օր անց ընդունվեցի անգլիական դպրոց, բայց դուք ինձ հեռացնել տվեցիք նաև այստեղից:
Հիշում եմ, ստիպված էի տանը մնալ և եղելությունը խոստովանել մորս: Մայրս ծայր աստիճան հուզվեց. «Էնքան էլնի, որ դու խակառ կայնես վարժապետուն, խա՞»: Եվ սկսեց անթեղոցով ծեծել ինձ: Բայց հետո խղճահարված սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Այնուհետև մայրս, առանց հապաղելու, դիմեց դպրոցական տեսչության պետի տեղակալ, քեռիներիս կողմից մեզ ազգական պարոն Գարեգինի օգնությանը: Պարոն Գարեգինը ձեռքիցս բռնած ինձ բերեց դպրոց և սպառնաց պարոն Հարությունին. «Սա քրոջս որդին է: Հրամայում եմ վերընդունել առանց այլևայլության»: Այդ օրվանից շարունակեցի սովորել:
Պարոն Հարությունն, իհարկե, հիշեց “կամակոր շատախցուն” և ասաց. «Դե ասա, որ դու Հայրիկն ես»:
Սովխոզի բերք ու բարիքից օգնեցինք իմ հայոց լեզվի վաղեմի ուսուցչին և ճանապարհորդներից մեկի ուղեկցությամբ նրան հասցրինք Իվա:
Մի օր հետո մեկնեցի Իւվա, խնդրեցի գյուղխորհրդի նախագահին և բջիջի քարտուղարին. ներողամիտ լինել հաշմանդամ և անօգնական Հարությունի նկատմամբ և վերականգնել նրան աշխատանքում: Գյուղի ղեկավարները ընդառաջ գնացին իմ խնդրանքին և Հարությունին վերականգնեցին աշխատանքում: