Գործունեություն

Հայրիկ Մուրադյանը բացառիկ երևույթ է հայ ժողովրդական երգարվեստի բնագավառում։ Նա մտապահել, մոռացումից փրկել, իր բարձրարվեստ կատարումներով վերածնել է բնօրրանի հայկական ժողովրդական երգերն ու պարեղանակները, հավաքել նորերը և տարածել ժողովրդի մեջ։ Նրա մտապահած և կատարած երգերի թիվն անցնում է 150-ից։
Հայրիկ Մուրադյանը որոշ առումներով նաև ուսումնասիրող էր։ Երգը փնտրում էր հայրենակիցների շրջանում, գտնում, համեմատում։ Նա իր հայրենի Շատախում տարածված ժողովրդական երգերի կողքին ներկայացնում է հարևան գավառների տարբերակները, և դա ցայտուն է դարձնում ելևէջային այն նրբին տարբերությունները, որոնք պատկերացում են տալիս գավառների երաժշտական բարբառների մասին։ Նա հաղորդել է նաև երգերի ստույգ անձնագրային տվյալներ, ազգագրական տեղեկություններ երգերի մասին, հետաքրքրական նյութեր ժողովրդական լավագույն երգիչների, երգաստեղծների մասին։
20-րդ դարասկզբում հայրենի գավառում տիրող ընդհանուր պատմական իրադրության ետնախորքի վրա նա տվել է նաև իր ծննդավայրի կյանքի և կենցաղի, և մասնավորապես՝ երաժշտական կենցաղի կենդանի նկարագիրը։
Հայրիկ Մուրադյանը սոսկ հավաքող չէր։ Բնությունը շռայլորեն նրան օժտել էր նուրբ լսողությամբ, մեծ երաժշտականությամբ, թավշյա գեղեցիկ ձայնով, մաքուր ազգային կատարողականությամբ և զարմանալի հիշողությամբ։
20-րդ դարի 60-ական թվականներից սկսած նրա ձայնը հնչում էր ամենուրեք՝ համերգային հարթակներում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, տարբեր հիմնարկների և ուսումնական հաստատությունների դահլիճներում։ Եվ, բնականաբար, երիտասարդության մեջ ցանկություն էր առաջանում սովորել ժողովրդական երգն ու պարը։
Այսպես, ուսանողության խնդրանքով ծնվեցին Պետական համալսարանի ազգագրական խումբը, այնուհետև Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական «Վան» և մանկական «Ծիլեր» խմբերը, որոնց Հայրիկ Մուրադյանը սիրով և մեծ ոգևորությամբ սովորեցնում էր երգել և պարել Վասպուրական աշխարհի երգերն ու պարերը։
Նրա ծավալած գործունեության ազդեցությամբ ստեղծվեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատողներից կազմված խումբը՝ նրա դստեր՝ Մարոյի ղեկավարությամբ, որը հետագայում ստացավ «Ակունք» ազգագրական համույթ անվանումը և անցավ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության հովանու տակ։
Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971): Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում , «Հայրենի երգեր» ժողովածուում (1980) և այլն։
Այսպես 20-րդ դարի 60-ական թվականներից սկսվեց ֆոլկլորային այն աննախադեպ վերելքը, որի ակունքներում կանգնած էր Հայրիկ Մուրադյանը։
Նա նաև Հայ ազատագրական պայքարին և հերոսամարտերին նվիրված հոդվածների ու գրքերի հեղինակ է։ Գրական ելույթներով ու քննադատականներով հաճախ հանդես է եկել տարբեր լսարաններում ու պարբերական մամուլներում:
Իր հիանալի կատարումներով, ավանդական երգերին մեծ նվիրվածությամբ Հայրիկ Մուրադյանը ոչ միայն ուշադրություն արթնացրեց անհայտացման շեմին գտնվող մի ամբողջ մշակութային շերտի նկատմամբ, այլ նաև ապացուցեց, որ հայ ժողովրդի տոհմիկ երգն իր միաձայն, բնական տեսքով հավասար իրավունք ունի մեր երաժշտական կենցաղում մանսագիտացված բազմաձայն երաժշտության կողքին։ Եվ դա կարող էր անել միայն երգի սիրահար և խոր գիտակ իսկական հայրենասերը։